Կալանավորված Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի արդեն 10 օր շարունակ կապարակնքված խոշոր ընկերությունների հետ. ԱԱԾ մեկուսարանից արված հայտարարությամբ 70-ամյա գործարարն ընդգծում է՝ ինքը վաղուց չի կառավարում այդ ընկերությունները և չի միջամտում աշխատանքներին:
Անցած երկուշաբթի Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին ու հեռացան, ինչի հետևանքով հազարավոր աշխատակիցներ, ըստ էության, հարկադիր պարապուրդի են մատնված, շատերը պնդում են, որ անգամ աշխատավարձ չեն ստացել:
«Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար», - նշել է ԲՀԿ առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ ընկերությունների աշխատանքն ապօրինի դադարեցրել են «իրեն ցավ պատճառելու համար»: «Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և՛ աշխատող քաղաքացիներին, և՛ մեր երկրին ընդհանրապես», - ընդգծել է նա:
Ի՞նչ կապ ունեն ընկերությունները Ծառուկյանին վերագրվող մեղադրանքի հետ
Ի՞նչ կապ ունեն Ծառուկյաններին պատկանող ընկերությունները իշխանափոխության պահանջով ընտրություններին մասնակցած գործարարին վերագրվող խարդախության ու փողերի լվացման մեղադրանքի հետ. Գագիկ Ծառուկյանին մեղադրում են Իրանի առևտրային պալատի գործունեությանն առնչվող դրվագներով, թե ինչո՞ւ են արդեն 10 օր շարունակ փակ պահում մյուս ընկերությունները՝ գործարաններ, հյուրանոցներ, մարզական կենտրոններ ու ռեստորաններ, իրավապահները չեն պարզաբանում. քար լռություն է:
Միայն անցած երկուշաբթի, երբ հայտնեցին Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի մասին, տեղեկացրին, թե առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեներում խուզարկություններ են իրականացրել ու փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերել:
Ի՞նչ գործողություններ են իրավապահներն իրականացնում ընկերություններում, ե՞րբ դրանք կավարտվեն, ո՞ր փուլում են, ինչո՞ւ են դրանք կապարակնքված, երբ նույն պետական մարմինը նշել է, թե գործերին առնչվող փաստաթղթերն ու առարկաները հայտնաբերել են. այս հարցերը գրավոր ենք ուղարկել Քննչական կոմիտե, սպասում ենք պատասխանին:
Այսօր «Ազատությունը» նկատեց՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը հեռացված է և պարբերաբար աշխատակիցներ են ներս ու դուրս անում, սակայն ինչպես պնդեց ընկերության ներկայացուցիչը ոչ թե գործարանի աշխատանքներն են վերսկսվում, այլ հարկային մարմինն է տարածքում ստուգումներ անցկացնում: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ չտվեց, հորդորեցին Քննչական դիմել, որը լռությունը չի խախտում:
Ծառուկյաններին պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները
Մինչ այս անորոշությունը շարունակվում է, Ծառուկյաններին պատկանող ընկերությունների աշխատակիցներն անցած շաբաթվանից բողոքի ակցիաներ են իրականացնում:
Աբովյանում գործող «Մուլտի Սթոուն» քարի վերամշակման գործարանի տասնյակ աշխատակիցները կապարակնքված դռների առջև հավաքվում ու ցույցեր են կազմակերպում գրեթե ամեն օր. պնդում են՝ եթե իրենց հստակ պատասխան չտան՝ կտրուկ քայլերի կգնան, թե ինչ կանեն՝ չեն ասում:
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթն ու բիզնեսների կապարակնքումը հաջորդում են նախընտրական շրջանում Ծառուկյանին ազատազրկելու և ունեզրկելու վարչապետի ուղիղ սպառնալիքներին:
Աշխատակիցներն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ խնդրելով թույլ տալ աշխատել:
«Ե՞րբ ենք հնարավորություն ունենալու աշխատել, չէ՞ որ մեր միակ եկամտի աղբյուրն այս գործարանն է: Մարդիկ այս գործարանով կոմունալ են վճարում, ուսանող են պահում, տարեցների ու հիվանդների, ծերունիների են պահում, խնդրում եմ, մեր խնդրանքն էն ա, որ գործարանը բացեն, որ մենք հելնենք աշխատանքի, ուրիշ ոչ մի բան չեմ կարա սրանից ավելի ասեմ, անընդհատ գալիս ենք նույն պատմությունը», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ինքը՝ վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ վստահեցրել էր՝ կառավարությունը հաշվի կառնի աշխատակիցների շահը. «Դե գիտեք՝ մի քանի օր է անցել, ու մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի, մենք էդ մարդկանց շահերը չենք անտեսի»:
Չնայած Փաշինյանի վստահեցումներին՝ բազմաթիվ քաղաքացիներ, մինչդեռ, նույնիսկ իրենց աշխատավարձը դեռ չեն ստացել: