Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը, Թեհրանը դա «հուսահատության» նշան է որակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյաւոմ, 22-ը սեպտեմբերի, 20256 թ.

Թեհրանը «հուսահատության» նշան է որակել Իրանը «ոչնչացնելու» մասին ԱՄՆ նախագահի սպառնալիքը, որը Դոնալդ Թրամփը հնչեցրել էր ՄԱԿ-ի ամբիոնից:

Իրանի գլխավոր շտաբն ԱՄՆ նախագահին մեղադրել է Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնն իր «ագրեսիան» արդարացնելու նպատակով օգտագործելու համար։ Հայտարարությունում ասվում է.

«Նման խոսույթը ցույց է տալիս, որ Ամերիկան ռազմավարական փակուղում է հայտնվել իրանական պետության դեմ ագրեսիայի ընթացքում: Իսկ անհիմն պնդումների ու սպառնալիքների կրկնությունը, հաշվի առնելով ԱՄՆ զինված ուժերի հյուծվածությունը, ուժի նշան չէ, այլ նրանց ռազմավարական հուսահատության նշան»,- ասվում է Իրանի գլխավոր շտաբի հայտարարությունում:

Իրանը նաև զգուշացրել է՝ ամերիկյան զինուժի ցանկացած հարձակման «ջախջախիչ» պատասխաններ կտա, որոնք կլինեն շատ ավելի խիստ ու անկանխատեսելի, քան այն հարվածները, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական գործողությունների թեժ օրերին հասցրել է Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը «հուսահատության» նշան է որակել Իրանը «ոչնչացնելու»՝ Թրամփի հայտարարությունը



Թրամփը երեկ էր ՄԱԿ-ի իր ելույթում զգուշացրել, որ կարող է ոչնչացնել Իրանը, եթե պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի:

«Ես կարևոր որոշում պիտի կայացնեմ՝ կկնքվի՞ արդյոք Իրանի հետ համաձայնագիր, որը թույլ կտա վերակառուցել երկիրը և ստեղծել շատ ավելի լավ երկիր, քան այն երբևէ եղել է: Թե՞ ես պետք է ոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը և դա անեմ արագ՝ նրանց հնարավորություն չտալով կրկին սպանել մարդկանց և ոչնչացնել երկրներ»,- ասել էր Դոնալդ Թրամփը:

Սպառնալիքներին զուգահեռ, սական, Սպիտակ տան ղեկավարը հույս էր հայտնել, որ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Վաշինգտոնին և Թեհրանին կհաջողվի լավ գործարք կնքել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը Իրանի հետ համաձայնագիր կկնքի նոյեմբերի ընտրություններից հետո


Ավելի ուշ էլ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպմանը Թրամփը կրկին լավատեսորեն է խոսել կարգավորման մասին: Նա հայտնել է, որ իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Գլխավոր ասամբլեայի շրջանակում միջնորդների միջոցով «կառուցողական» բանակցություններ են վարել իրանական կողմի հետ, որը մոտ երեք ժամ է տևել:

«Տեսնենք, թե ինչ կստացվի։ Իրանի հետ արդեն որոշ ժամանակ է, ինչ միջնորդական աշխատանք է տարվում: Կարծում եմ՝ նրանք լավ հնարավորություն ունեն համաձայնության հասնելու։ Բոլորն էլ դա են ասում»,- ասել էր ԱՄՆ նախագահը։


Այսօր էլ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Թեհրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել հաշտության իր պայմանները: Ըստ Էսմայիլ Բաղայիի՝ Իրանն ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, վերջ դնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, վերացնել իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումն ու ազատել իրանական սառեցված ակտիվները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնում է ՄԱԿ-ում Արաղչիի և Ուիթքոֆի հանդիպման մասին


Չնայած Թեհրանի պահանջներին՝ Վաշինգտոնը դեռ չի թուլացնում պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երեկ հայտարարել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում այսօրվանից ողջ աշխարհում կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունը։ Ադրբեջանը երեկվանից արդեն դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները: