Իրանի զինված ուժերը «հուսահատության» նշան է անվանել Իրանը «ոչնչացնելու» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը:
Իրանական Mehr լրատվական գործակալության տարածած հայտարարությունում Իրանի գլխավոր շտաբն ԱՄՆ նախագահին մեղադրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնն իր «ագրեսիան» արդարացնելու նպատակով օգտագործելու համար։
«Նման խոսքերը ցույց են տալիս Ամերիկայի ռազմավարական փակուղին իրանական պետության դեմ ագրեսիայում», - ասվում է հայտարարությունում, որում Թրամփի կրկնվող սպառնալիքները նկարագրվում են որպես «ոչ թե ուժի, այլ նրանց ռազմավարական հուսահատության նշան»։
Իրանը նաև զգուշացրել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան ցանկացած գործողության պատասխանել «ջախջախիչ» հարձակումներով, որոնք կլինեն շատ ավելի խիստ ու անկանխատեսելի, քան պատերազմի սկզբում Իրանի հասցրած պատասխան հարվածները։
Դոնալդ Թրամփը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում էր զգուշացրել, որ կարող է ոչնչացնել Իրանը, եթե պատերազմը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի:
«Ես կարևոր որոշում պիտի կայացնեմ: Կկնքվի՞ արդյոք Իրանի հետ համաձայնագիր, որը նրանց թույլ կտա վերակառուցել և ստեղծել շատ ավելի լավ երկիր, քան երբևէ եղել է։... Կամ ես պետք է ոչնչացնեմ Իսլամական Հանրապետությունը և դա անեմ արագ՝ երբեք նրանց հնարավորություն չտալով սպանել և ոչնչացնել մարդկանց և երկրներ»,- ասել էր Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի ուշ Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների հետ հանդիպմանը Թրամփը նաև ենթադրել էր, որ Իրանի հետ համաձայնությունը կարող է ձեռք բերվել շուտով՝ Կոնգրեսում նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից հետո։
«Մենք կարծում ենք, որ Իրանի հետ կապված իրավիճակը կարող է ավարտվել [նոյեմբերի 3-ին] միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, գուցե նաև ավելի վաղ։ Ես չգիտեմ։ Երբեք չես կարող իմանալ», - ասել էր ԱՄՆ նախագահը:
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Իրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր պայմանները: Էսմայիլ Բաղային ասել է, որ դրանք ներառում են նաև բոլոր ճակատներում ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցումը և, Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ագրեսիայի ակտերը»:
Իրանի պետական հեռուստաընկերությունն իր հերթին հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին:
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն շաբաթներ անց ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով համաձայնագրերը խախտելու մեջ, այդ թվում՝ նավագնացության վերաբերյալ։ Օգոստոսից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց թիրախներին: