Մատչելիության հղումներ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները

Լուսանկարում՝  Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային
Լուսանկարում՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային

Իրանը Նյու Յորքում Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր պայմանները, իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Էսմայիլ Բաղային ասել է, որ դրանք ներառում են նաև բոլոր ճակատներում ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցումը և, Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ագրեսիայի ակտերը»:

Իրանը նաև պահանջում է, որ ԱՄՆ դադարեցնի իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ռազմածովային շրջափակումը, տնտեսական պատերազմը և ազատի իրանական բռնագրավված ակտիվները, ասել է Բաղային։

Մինչ այդ Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել էր որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։

Ըստ իրանական կողմի՝ հանդիպումը տեղի է ունեցել Ուիթքոֆի խնդրանքով։ Արաղչին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Թեհրանի պայմանները։

ԱՄՆ-ն հանդիպումը դեռ պաշտոնապես չի հաստատել։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն շաբաթներ անց ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով համաձայնագրերը խախտելու մեջ, այդ թվում՝ նավագնացության վերաբերյալ։ Օգոստոսից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց թիրախներին:

Իրադրությունը Հորմուզում

Դիվանագիտական այս զարգացումների ֆոնին իրադրությունն էապես չի փոխվել Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և բնական գազի մոտ 20 տոկոսը:

Reuters-ի հաղորդմամբ՝ կարևորագույն այս ջրուղիով երեկ առևտրային երեք նավ է անցել, ինչը մեկով պակաս է նախորդ օրվա չորսի համեմատ և ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից (15 նավ օրական):

Ընդորում՝ Reuters-ի ներկայացրած թվերը կարող են փոխվել, քանզի որոշ նավեր սովորաբար անջատում են իրենց տրանսպոնդերները նավարկության ընթացքում։


XS
SM
MD
LG