TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են. վարչապետի մեկնաբանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանում հարցին՝ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են, թե՞՝ ոչ:

«Տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները՝ ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթներն անքննարկելի են», - այսօր ասաց նա:

Նախօրեին հրապարակված TRIPP-ի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում գրված է, որ կներդրվեն թվային գործիքներ՝ «անխոչընդոտ կապը դյուրացնելու համար»:
Ըստ դրա՝ հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

Հայաստանցի սահմանապահներին ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ կունենան: Եթե մասնավոր ընկերության օպերատորին ընդունարանում՝ այսպես կոչված՝ ֆրոնթ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում:

Արդյոք «ֆրոնթ օֆիս-բեք օֆիս» մոդելի ընտրությունը չի՞ նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու, օրինակ, ինչպես հիմա «Զվարթնոցում» է, TRIPP-ի վրա հայ սահմանապահները անձամբ ստուգելո՞ւ են մեկնող-ժամանողներին, այսօրվա ճեպազրույցում հարցրին վարչապետին:

«Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ բեք օֆիսը: «Զվարթնոց» օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ, և դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց «Զվարթնոցի» հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել, և հետևաբար այն, ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, նույնը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած այլ տարածքում, և դա մեզ համար ընդունելի է», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Հայաստանը մտադիր է ստուգումը դյուրացնելու քայլեր ձեռնարկել, օրինակ, բեռները կստուգվեն ընտրողաբար, եթե ռիսկային լինեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված ու հետագիծ ունեցող բեռի անցումը, փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն ու կմշակվեն, նաև հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում կիրականացվի: Այս ամենի կողքին շեշտվում է՝ Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը ինքնիշխան տարածքում։

Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանին Սյունիքով անցնող TRIPP-ով անխոչընդոտ անցում տրամադրելու մասին

Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում վարչապետը հայտարարեց՝ Ադրբեջանին Սյունիքով անցնող TRIPP-ով անխոչընդոտ անցում տրամադրելու մասին. «Տրամադրված եմ, և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք արդեն նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և տրամաբանության»:

Ալիևի պահանջի կատարումն է. Գեղամ Մանուկյան


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է՝ երբ պաշտոնյաները չեն հերքում, որ ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չեն տեսնելու, նշանակում է՝ հաստատում են:

«Ալիևը չէր ասում՝ սահմանի վրա պետք է ցուցանակի վրա գրվի «Զանգեզուրի միջանցք», ինքը կոնկրետ գործիքակազմեր էր ասում, որոնցից մեկը սահմանի ելքին-մուտքին հայ սահմանապահն ու մաքսավորը չպետք է ստուգեն ադրբեջանական բեռները, ուղևորներին և այլն, - ասաց նա, - Բեք օֆիսը, ֆրոնտ օֆիսը ի վերջո ի՞նչ է: Քանի որ չեն բացատրում ստորագրողները, բայց տողերը կարդալով հասկանալի է, որ սահմանի վրա գործառույթն իրականացնելու է լրիվ մասնավոր կազմակերպություն կամ այլազգայիներ, ռոբոտներ, իբր մեր ինքնիշխանությունը վեր դասելու համար ինչ-որ մի իքս տեղ, բայց ոչ անցակետերում հայ պաշտոնյաները կնիք կդնեն կամ օքեյը կսեղմեն: Ալիևի՝ Ադրբեջանի պահանջը հո պոզով-պոչով չէ՞ր, իրականում այդ պահանջի կատարումն է»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է

Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ TRIPP-ում երկու երկիր պետք է բաժնետեր լինի՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն: Գործարկման առաջին 49 տարում, ըստ նախնական հայտարարության, Հայաստանի բաժնեմասը 26 տոկոս է լինելու, ԱՄՆ-ինը՝ 74:

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ - Սադարակ երկաթուղային հատվածի վիճակն են ուսումնասիրել

Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր տեսնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ռուսաստանի TRIPP-ին մաս կազմելու հեռանկար, բայց ենթակառուցվածքներում ներգրավվածությունը չէր բացառում:

Այսօր վարչապետն ասաց՝ խնդրել են ռուսական կողմին որոշում կայացնել՝ արդյոք կարողանում են արագ վերանորոգել երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, եթե՝ ոչ, տարեվերջին հայտարարել էր, Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կառավարումից ու պետական միջոցներով վերականգնել:

Վարչապետն այդ ժամանակ պատշաճ ժամկետից էր խոսել, այսօր ասաց՝ պատշաճ ժամկետը հիմա է. «Որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին նաև կիրազեկվեք, և այդ պրոցեսները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի». Արարատ Միրզոյան



Վարչապետի հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր Երասխ - Սադարակ երկաթուղային հատվածի վիճակն են ուսումնասիրել: Երևանի փոխանցմամբ՝ դրա նպատակն է եղել հասկանալ, թե արդյոք այդ հատվածը պիտանի է, որպեսզի վերականգնման համար հատուկ շինարարական տեխնիկան կարողանա հենց երկաթգծով տարածքին մոտենալ: Բայց տեղեկությունը փոխանցած Տարածքային կառավարման նախարարությունը չի պարզաբանել՝ ինչ եզրահանգման են եկել կողմերը, ու արդյոք կա հստակություն երկաթուղու նորոգման հարցում, նաև՝ հայկական, թե ռուսական կողմը կիրականացնի դա: