Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին:
Հաջորդ քայլով գործադիրը կդիմի ՍԴ՝ մայր օրենքին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ-ը միջազգային պայմանագրի պատրավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կներկայացվի ԱԺ՝ վավերացման:
Հենց այս համաձայնագրով են կողմերը նախատեսում հիմնադրել TRIPP զարգացման ընկերությունը:
Արդարադատության նախարարության եզրակացությունը
Արդարադատության նախարարությունը կարծիք է հայտնել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը պարունակում է Հայաստանի օրենքին հակասող, օրենքի փոփոխություն և նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, բայց նաև համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով՝ համարել են վավերացման ենթակա:
Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները, ամենաքննարկված՝ TRIPP-ով անցնող-դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի՝ ֆրոնթ օֆիսի համաձայնությանը անդրադարձել են, բայց խիստ անորոշ:
Պետական սահմանի մասին օրենքով մարդիկ ու բեռները սահմանը կարող են հատել նաև միջազգային պայմանագրերի համաձայն, բայց Արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավորի ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաև նույն օրենքի մեկ այլ ձևակերպում է մեջբերել, բայց առանձ որևէ եզրահանգման:
«Հարկ է նշել, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողնումը իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային մարմինները: Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման և պետական սահմանով բացթողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին», - նշում է նախարարությունը
Սրբուհի Գալյանի ղեկավարած կառույցից այս դիտարկման առիթով մեկնաբանություն էինք խնդրել՝ ճշտելու՝ արդյոք օրենք կփոխվի՞, հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, թե իրենց դիրքորոշումն արտահայտել են եզրակացությամբ:
Հայաստանցի պաշտոնյաները հստակ չեն հայտարարել՝ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին ու մաքսավորներին հանդիպելու են, թե՝ ոչ: Ըստ հայ-ամերիկյան պայմանավորվածությունների, հաճախորդների առերես սպասարկումը մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով է լինելու: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:
Վերջնական որոշում կայացնողը, ըստ համաձայնագրի, հայաստանցի մաքսավորն ու սահմանապահն են, ունեն ստուգման ու զննման լիազորություններ, բայց ընտրված մոդելի համաձայն, նրանց գրասենյակային՝ բեք օֆիսի աշխատանքն է վերապահված:
«Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը». Միրզոյան
Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ համաձայնությունների, անխոչընդոտ է լինելու՝ ինչ-ինչ թվային գործիքների ներդրմամբ: Այս ամենի կողքին շեշտվում է՝ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։
«Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ», - այսօր ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:
«TRIPP զարգացման ընկերությունը» կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով», - նշեց Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց. «TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում ունենք դեռևս երկու փաստաթուղթ՝ բաժնետետերի միջև պայմանագիրը և կլինի արդեն «TRIPP զարգացման ընկերության» կանոնադրությունը: Մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»:
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը նախաստորագրվեց ԱՄՆ պետքարտուղար Ռոբիոյի երևանյան կարճատև այցի ընթացքում՝ մայիսի վերջին, իսկ ստորագրվեց՝ հեռավար՝ հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարի, հունիսի 4-ին՝ Երևանում՝ Հայաստանի արտգործնախարարի կողմից: