Թրամփը Իրանին խստագույն պատժամիջոցներով է սպառնում, Թեհրանը հակադարձում է

Իրանի դեմ ԱՄՆ նախագահի խոստացած տնտեսական խստագույն պատժամիջոցները նոր պարտություններ կբերեն Վաշինգտոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Աբբաս Արաղչին սոցցանցում պնդել է` դրանով Դոնալդ Թրամփը նպատակ ունի շեղել ուշադրությունն ԱՄՆ-ի ներքին ճգնաժամից, մասնավորապես՝ երկրի ունեցած «աննախադեպ պարտքից և կտրուկ աճող տոկոսադրույքներից»։

«Այս ձախողված քաղաքականության շարունակումը միայն կհանգեցնի հետագա պարտությունների, ինչպես նաև իրանցիների կողմից թշնամանքի։ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում», - գրել է Արաղչին:

Իրանի փոխարտգործնախարարն էլ պնդել է, թե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում: «Ռազմական գործողություններն արդյունք չտվեցին, ուստի հիմա նրանք հաջորդ ձախողումն անվանել են «տնտեսական պատերազմ»», - սոցցանցում է գրել է Քազեմ Ղարիբաբադին՝ պնդելով, թե Վաշինգտոնը Թեհրանին «աղաչում է» գործարք կնքել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը շարունակում է զենք արտադրել, և սպառնացել է ավելի ավերիչ զինատեսակներ օգտագործել, եթե հակամարտության նոր փուլ սկսվի: Կորպուսը նշել է, որ իր հրթիռներում կիրառվող մարտագլխիկների «կործանարար ուժը շատ ավելի մեծ է, քան նախորդ պատերազմներում օգտագործվածներինը»: «Եվ եթե պատերազմ սկսվի, մեր զենքերը բոլոր առումներով լիովին կտարբերվեն նախկինում կիրառվածներից», - ասել է ԻՀՊԿ խոսնակ Սարդար Մոհեբբին:

Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե ոչ ոք Իրանին գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ինքը: Սոցցանցում արած գրառմամբ ԱՄՆ նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Թեհրանը չի օգտվել այդ հնարավորությունից, ինչի համար նոր՝ աննախադեպ պատժամիջոցների մասին էր հայտարարել:

«Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված տնտեսական ամենակործանարար գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», - իր Truth Social սոցցանցում գրել էր ԱՄՆ նախագահը:

Թրամփը վստահեցրել էր՝ այդ պատժամիջոցները կաթվածահար կանեն Իրանի կարողությունները և կզրկեն «ողջ աշխարհում սարսափ սերմանելու հնարավորությունից»։ Սպիտակ տան ղեկավարը նաև զգուշացրել էր՝ ցանկացած երկիր, որը որևէ կերպ կաջակցի Իրանին, տնտեսական լուրջ հետևանքների կբախվի, չհստակեցնելով, թե ինչ քայլեր կձեռնարկվեն այդ երկրների դեմ։

Սպիտակ տանը լրագրողների հարցին ի պատասխան էլ ԱՄՆ նախագահը պնդել է, թե Հորմուզի նեղուցը բաց է և ԱՄՆ հսկողության տակ, իսկ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջությամբ:

«Շրջափակումը 100 տոկոսով հաջողված է եղել, ոչ մի նավ չի մտել Իրան, բայց դրանք մտնում են այլ երկրներ։ Բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Կա՛մ ամեն ինչ շատ լավ կլինի, և նավթի գները կտրուկ կիջնեն, կա՛մ կշարունակենք անել այն, ինչ անում ենք», - ասել է Թրամփը:

Ի դեպ, ամերիկյան George Washington ավիակիրը երեկ ժամանել է Արաբական ծով և միացել Իրանի ծովային շրջափակման առաքելությանը: Թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը: Ըստ Kpler վերլուծական կենտրոնի տվյալների՝ նեղուցով օրական տեղափոխվող նավթի ծավալը փոխըմբռնման հուշագրի գործողության 60 օրերի ընթացքում եռապատկվել է՝ նախորդող ժամանակահատվածի օրական 2 մլն բարելից հասնելով ավելի քան 6 մլն բարելի:

Պարսից ծոցի երկրներն Իրանին կոչ են արել ամբողջությամբ վերականգնել երթևեկությունը նեղուցում: Կատարի արտգործնախարարը Եգիպտոսի պաշտոնակցի հետ եգիպտական Ալ-Ալամեյն քաղաքում հանդիպումից հետո հայտարարել է, որ նեղուցում երթևեկությունը պետք է վերադառնա պատերազմից առաջ եղած մակարդակին, և հակամարտության ոչ մի կողմ չպետք է «շանտաժի» ենթարկի մյուսին։

Եգիպտոսի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն հանդուրժի ազատ նավարկության սպառնալիքները, ապա դատապարտել է Իրանի հարձակումները Ծոցի երկրների վրա՝ դրանք համարելով այդ երկրների ինքնիշխանության ակնհայտ խախտում։

Օմանն էլ, որի ջրերում է մասամբ գտնվում Հորմուզի նեղուցը, հայտարարել է, որ նեղուցում երկարատև անվտանգության ապահովումը տարածաշրջանում մշտական խաղաղություն է պահանջում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում. ՂարիբաբադիԹրամփի տնտեսական պատժամիջոցները կհանգեցնեն հետագա պարտությունների. Արաղչի«Հսկայական տնտեսական հետևանքներ». Թրամփը զգուշացրել է Իրանին աջակցող երկրներինԹրամփը հայտնում է՝ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, Թեհրանից էլ զգուշացնում են ԱՄՆ-ինԻսրայելը ԱՄՆ-ի հետ երկարատև համաձայնագրի խոչընդոտն է. ԱրաղչիՀորմուզի նեղուցը փակ կմնա մինչև ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջների կատարումը. ՂալիբաֆԷրդողանը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ լարվածությունը՝ կոչ անելով շարունակել բանակցություններըԹրամփ․ Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը