Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում. Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պնդել է, թե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում:

«Ռազմական գործողություններն արդյունք չտվեցին, ուստի հիմա նրանք հաջորդ ձախողումն անվանել են «տնտեսական պատերազմ», - սոցցանցում է գրել է Քազեմ Ղարիբաբադին՝ պնդելով, թե Վաշինգտոնը Թեհրանին «աղաչում է» գործարք կնքել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Իրանը շարունակում է զենք արտադրել և սպառնացել է ավելի ավերիչ զինատեսակներ օգտագործել, եթե հակամարտության նոր փուլ սկսվի: Կորպուսը նշել է, որ իր հրթիռներում կիրառվող մարտագլխիկների «կործանարար ուժը շատ ավելի մեծ է, քան նախորդ պատերազմներում օգտագործվածներինը»:

«ԵՎ եթե պատերազմ սկսվի, մեր զենքերը բոլոր առումներով լիովին կտարբերվեն նախկինում կիրառվածներից», - ասել է կորպուսի խոսնակ Սարդար Մոհեբբին:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է՝ Իրանի դեմ տնտեսական ամենախիստ պատժամիջոցների մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը ընդամենը փորձ է՝ շեղելու ուշադրությունը ԱՄՆ-ում առկա ճգնաժամից

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե ոչ ոք Իրանին գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ինքը: Ապա նշել, թե ցավալիորեն Թեհրանը չի օգտվել այդ հնարավորությունից: «Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված տնտեսական ամենակործանարար գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», - գրել էր նա։

Թրամփը նաև զգուշացրել էր՝ ցանկացած երկիր, որը «որևէ կերպ կաջակցի Իրանին», կբախվի տնտեսական լուրջ հետևանքների։

XS
SM
MD
LG