Իրանի արտգործնախարարն Իսրայելին մեղադրել է դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի հիմնական խոչընդոտն է:
«Սիոնիստական ռեժիմը եղել և մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման և դրա իրականացմանը խոչընդոտելու համար», - ասել է Արաղչին:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԱՄՆ նախագահի պահանջը, թե Իրանը պետք է «անվերապահ հանձնվի», չիրականացավ, քանզի Թեհրանը ի վերջո ընդունեց հրադադարը և ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարեց իր սեփական պայմաններով։
Իրանի գլխավոր դիվանագետն ասել է, թե ԱՄՆ-ն, որը պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց ցանկանում էր, որ Իրանն առանց նախպայմանների հանձնվի, իրականում «աղաչում էր», որ Թեհրանը բանակցությունների նստի: «Այդ մենք էինք, որ ասացինք, որ չենք ընդունի հրադադարը, և շարունակեցինք պատերազմը մինչև այն պահը, երբ նրանք ընդունեցին հրադադարը և բանակցությունները՝ Իրանի պայմաններով», - պնդել է Արաղչին։