ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ կլինեն իրականացնել նախագահի ցանկացած որոշում։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի և ժամկետների մասին, ինչպես նաև չի նշել, թե Վաշինգտոնից ով է ղեկավարելու բանակցությունները։
«Ես դա պլանավորում եմ, այո», - ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին: «Մենք այժմ շատ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք»:
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է իր տարբերակները, բայց դեռ որոշում չի կայացրել՝ հարվածե՞լ Իրանին, թե՞ ոչ։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-Իրան լարվածությունը սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի արյունալի ճնշումից հետո։ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը շարունակի սպանել ցուցարարներին:
Իրանի նկատմամբ Բրյուսելի ու Վաշինգտոնի ճնշումից, իսկ Իրանի կողմից էլ սպառնալիքներ հնչեցնելուց հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջուկային բանակցություններ սկսել՝ «տարածաշրջանում ավերիչ հետևանքներ ունեցող ճգնաժամից խուսափելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպությունԻրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ծանր պայմանների, այդ թվում՝ արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։ Ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 6 հազար մարդ: TIME հանդեսի հրապարակման համաձայն՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:
Իրանի իշխանություններն ընդունում են, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են հազարավոր մարդիկ՝ նշելով ավելի քան 3000 մարդ, սակայն ընդգծում են, որ նրանց մեծամասնությունը անվտանգության ուժերի անդամներ կամ անցորդներ են, որոնք սպանվել են «անկարգությունների» մասնակիցների կողմից։