Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։
«12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ և խորը։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն», - X-ի իր էջում գրել է Արաղչին՝ նշելով, որ «նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում, և մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել. «Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով: Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ»: