Թրամփը հետաձգեց Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի մի քանի երկրի խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են չշտապել հարձակման հարցում՝ պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը «շատ ընդունելի» կլինի ԱՄՆ-ի համար:

«Բայց ես զինվորականներին հանձնարարել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնել Իրանի դեմ ամբողջական, լայնածավալ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի», - սոցցանցում զգուշացրել է Թրամփը։ Ընդորում, ցանկացած գործարքով Իրանին կարգելվի միջուկային զենք ձեռք բերել, շեշտել է նա:

Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփն ասել է, որ Ծոցի այս երկրները կապի մեջ են ամերիկյան և իրանական կողմերի հետ, ու եթե Թեհրանը համաձայնի գործարքի, որով կհրաժարվի ուրանի հարստացումից, ԱՄՆ-ն ևս բավարարված կլինի: Ըստ նրա՝ հիմա գործարքի հասնելու մեծ հավանականություն կա:

«Եվ, կարծես, շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել։ Եթե մենք կարողանանք դա անել առանց Իրանին ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի հայտարարությունից հետո նավթը մոտ 1.5 տոկոսով էժանացել է՝ հասնելով 110 դոլարի մեկ բարելի դիմաց:

Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել պատերազմը և վերացնել պատժամիջոցները

Իրանական պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրած վերջին առաջարկով պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ամերիկյան ուժերը դուրս բերել Իրանին մոտ գտնվող տարածքներից, փոխհատուցում տրամադրվի պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների համար: Ըստ Քազեմ Ղարիբաբադիի՝ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է վերացնել պատժամիջոցները, ապասառեցնել իրանական սառեցված միջոցները և դադարեցնել երկրի ծովային շրջափակումը:

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի «հակասական և առավելապաշտական վարքագիծը» լրջորեն խոչընդոտում է դիվանագիտական ջանքերին: ISNA-ի փոխանցմամբ՝ Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին՝ նախկինում խոստումները չկատարելու պատճառով: Արաղչին նաև նշել է, որ Թեհրանը սկսել է բանակցել՝ ակնկալելով, որ Վաշինգտոնը «պատասխանատու մոտեցում» կցուցաբերի։

Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվի իր իրավունքներից: «Մենք մինչև վերջ կծառայենք ժողովրդին... և գործի կդնենք մեր ողջ ուժն ու կպաշտպանենք Իրանի շահերն ու պատիվը», - սոցցանցում գրել է Մասուդ Փեզեշքիանը։

Հորմուզի նեղուցի և իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է

Ու մինչ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնին և Թեհրանին կհաջողվի համաձայնության գալ, շարունակվում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի և ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը: Իրանը հայտարարել է, որ նոր մարմին է ստեղծել՝ Պարսից ծոցի գործերի վարչությունը, որը կզբաղվի Հորմուզի հարցերով, այդ թվում՝ նեղուցով անցնելու համար վճարների գանձմամբ:

Սակայն ՄԱԿ-ի փոխխոսնակն ասել է, որ Հորմուզով ապրանքների փոխադրման սահմանափակումները կարող են գլոբալ լուրջ հետևանքներ ունենալ, իսկ ապագայում նաև հանգեցնել պարենային ճգնաժամի։ Ֆարհան Հաքը կոչ է արել ապահովել նեղուցով ազատ նավարկությունը:

«Ի վերջո, մենք ուզում ենք համոզվել, որ բաց ծովում և Հորմուզի նեղուցում նավարկության ազատության որևէ սահմանափակում չլինի։ Մենք չենք ցանկանում, որ որևէ կոնկրետ կազմակերպություն սահմանափակի այդ ազատությունը», - ասել է Ֆարհան Հաքը։

Այս ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավային քաղաքներին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին: Կա առնվազն մեկ զոհ, մի քանի վիրավոր: Հերթական հարձակումից առաջ իսրայելական բանակը լիբանանյան 12 քաղաքի և գյուղերի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել իրենց տները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմից ի վեր Իրանում ավելի քան 4000 մարդ է կալանավորվել, մահապատժի ենթարկվել 50-ը․ իրավապաշտպաններԹրամփը հայտարարում է՝ կանգնեցրել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածներըՊատերազմը դադարեցնելու Իրանի վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին. ReutersԻսրայելի հարվածներից Լիբանանում վերջին մեկ օրում 37, պատերազմի սկզբից` 2988 մարդ է զոհվել