Իրանի իշխանությունները առնվազն 4023 մարդ են կալանավորել, մահապատժի ենթարկել 50 դատապարտյալի փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր, հայտնում է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA)։
Զեկույցի համաձայն՝ ձերբակալվածներին հիմնականում մեղադրում են լրտեսության, պետական անվտանգությանը վնասելու փորձերի և պատերազմի մասին տեղեկություններ տարածելու մեջ։
Ըստ HRANA-ի, կալանավայրերում պայմանները կտրուկ վատթարացել են։ Իշխանությունները մեծացրել են անցակետերի թիվը, խստացրել տեղաշարժի սահմանափակումները և երկարատև ինտերնետային արգելափակում սահմանել։ Զեկույցում նշվում է, որ այդ ընթացքում երկրում ինտերնետ կապը նվազել է մինչև սովորական մակարդակի մոտ 1 տոկոսը։
HRANA-ն նաև ներկայացրել է պատերազմի հետևանքով մարդկային զոհերի թիվը․ իրավապաշտպան կազմակերպությունը հաստատում է՝ կա առնվազն 3636 զոհ, այդ թվում՝ 1701 խաղաղ բնակիչ, 1221 զինվորական։ Իրավապաշտպանները հայտնում են նաև 307 երեխայի մահվան և 2213 մարդու վիրավորվելու մասին։
Կազմակերպությունը նշում է, որ զեկույցում ներառված յուրաքանչյուր դեպք հաստատվել է առնվազն երկու անկախ աղբյուրով։