ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի բանակցությունների միջոցով հանգուցալուծել հակամարտությունը։
Նրա խոսքով, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թեհրանը Պակիստանի միջոցով նոր խաղաղության առաջարկ է ներկայացրել Վաշինգտոնին։
«Մենք վաղը Իրանի դեմ նախատեսված հարձակումը չենք իրականացնելու, բայց ես զինվորականներին հանձնարարել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնել Իրանի դեմ ամբողջական, լայնածավալ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդները իրեն հորդորել են չշտապել հարձակման հարցում՝ պնդելով, որ «համաձայնություն կլինի»։
Իրանից հաստատել են, որ իրենց տեսակետները Պակիստանի միջոցով հանձնել են ԱՄՆ-ին, սակայն պակիստանցի անանուն աղբյուրը հայտնել է, որ «շատ ժամանակ չունենք»։
Թրամփը լրագրողների հետ զրույցում նաև ասել է, որ ԱՄՆ-ը բավարարված կլինի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխող համաձայնագրի կնքմամբ։
Թրամփի խոսքով՝ «համաձայնության հասնելու լավ հնարավորություն, կարծես, կա», մինչդեռ միջնորդ Իսլամաբադից բանակցությունները «բարդ» են որակում։
Իրանի նոր առաջարկը, ըստ հաղորդումների, առաջնահերթ է համարում պատերազմի դադարեցումը, Հորմուզի նեղուցի վերաբացումը և պատժամիջոցների մեղմացումը։ Թեհրանը, սակայն, առաջարկում է միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները թողնել հետագա բանակցություններին։