Թրամփը հայտարարում է, որ չի հավատում Պուտինի կեցավայրին ուղղված հարվածի մասին հաղորդմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One օդանավում զրուցում է լրագրողների հետ, 4-ը հունվարի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին ուղղված հարվածի մասին տեղեկատվությանը:

«Չեմ հավատում, թե այդ հարվածը եղել է», - ասել է Թրամփը Air Force One նախագահական օդանավում լրագրողի հարցին ի պատասխան:

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ էր այդ պահին հավատացել Պուտինին և այդկերպ արտահայտվել, ԱՄՆ նախագահն արձագանքել է. - «Քանի որ ոչ ոք չգիտեր այդ պահին: Դա առաջինն էր, որ ես լսեցի: Նա [Պուտինը] ասաց, թե իր տունը հարձակման է ենթարկվել: Մենք դրան չհավատացինք այն բանից հետո, երբ կարողացանք ստուգել տեղեկատվությունը»:

Վալդայում Պուտինի նստավայրի վրա դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով «գրոհի փորձի» մասին առաջինը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնուհետև Կրեմլը «գրոհի փորձը» որակել էր «բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ահաբեկչական գործողություն» և սպառնացել Ռուսաստանի «բանակցային դիրքորոշման կոշտացմամբ»: Ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց պնդումների ապացույցներ չէին ներկայացրել:

Դեկտեմբերի 31-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ իբր կեցավայրի վրա «խոցված անօդաչուի» կադրեր ցուցադրեցին, ինչպես նաև տեսանյութ, որում մոտակա ավանի մի բնակիչ պատմում էր իբր դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչուների թռիչքի ձայն լսելու մասին:

Պաշտոնական Կիևը հերքում է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը և այլ հատուկ ծառայություններ պարզել են, որ Ուկրաինան փորձել է հարվածել ռազմական թիրախի Ռուսաստանի Նովգորոդի մարզում, սակայն այդ հարվածն ուղղված չէր Պուտինի նստավայրին: Այդ մասին ԿՀՎ ղեկավարը հաղորդել է Թրամփին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը հայտարարել է, թե Մոսկվան շոշափելի ապացույց չի ներկայացրել Պուտինի նստավայրի վրա «հարձակման» վերաբերյալՄոսկվան նոր մանրամասներ է հայտնում Պուտինի նստավայրի դեմ ենթադրյալ հարձակման մասին Մոսկվան սպառնում է խստացնել դիրքորոշումը՝ Պուտինի կեցավայրի վրա ենթադրյալ հարձակման պատճառովՊուտինը՝ Թրամփին. «Մոսկվան կվերանայի նախկին պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը» Ուշակով․ «Մոսկվան կվերանայի իր բանակցային դիրքորոշումը»«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին». Զելենսկի«Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պուտինի՝ Վալդայի նստավայրը». Լավրով