Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի օգտագործել այն.
«Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում… Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց», - Դավոսից վերադառնալիս լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին փոխանցել են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն «USS Abraham Lincoln» ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ: Ռազմանավերը տարածաշրջանից սկսեցին շարժվել անցյալ շաբաթ: Իրանում բողոքի ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել է: ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է Իրանին, ասել, որ այդ երկիրը մեծ խնդրի մեջ է ընկել: Թրամփը պնդել է, որ իր սպառնալիքներից հետո Իրանը չեղարկել է գրեթե 840 կախաղան հանելու դատավճիռ. «Ես ասացի՝ եթե դուք այդ մարդկանց կախաղան բարձրացնեք, ձեզ ավելի ուժեղ հարված կհասցվի, քան երբևէ», - նշում է ԱՄՆ նախագահը:
Իրանում բողոքի ցույցերը բռնկվեցին դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ծանր պայմանների, այդ թվում՝ արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։ Պարզ չէ, թե արդյոք Իրանում բողոքի ցույցերը կարող են կրկին բռնկվել: ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ մինչ այժմ հաստատել է ցույցերի ժամանակ 4519 մահվան դեպք։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը գերազանցել է 5000-ը, նրանց թվում նաև՝ անվտանգության ուժերի 500 անդամներ։
Հարցին, թե քանի ցուցարար է զոհվել, Թրամփը պատասխանել է. «Ոչ ոք չգիտի... Այսինքն՝ շատ է, անկախ ամեն ինչից»։
ԱՎելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շաբաթներ տևած ցույցերի համար: