Թրամփն ակնարկել է, որ կրկին կարող են հարվածել Իրանին

ԱՄՆ նախագահ Թրամփը մեկնել է Հարավային Կարոլինա միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների հանրահավաքին մասնակցելու համար, 21-ը հոկտեմբերի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին, հայտնում է Al Jazeera-ն:

«Մենք նրանց ջախջախել ենք, և կարող ենք դա մի փոքր ավելի երկար անել», - ասել է նա Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

Լրագրողները հարցրել են, թե արդյոք նոր պատերազմը կարող է ազդել ընտրողների որոշման վրա ԱՄՆ Կոնգրեսում նոյեմբերի սկզբին կայանալիք միջանկյալ ընտրությունների ժամանակ, Թրամփն ասել է, թե ընտրողները կողմ են Իրանի դեմ պատերազմին, քանզի այս վարչակազմն անում է այն, «ինչ պետք է անեին մյուս նախագահները»։

«Մյուս կողմից՝ գուցե նրանց դուր չի գալիս։ Կա գին, որ պետք է վճարել, որը ես անմիջապես հասկացա, երբ դա արեցի: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,- հավելել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հանձնարարել է «տապալել Իրանի իշխանությունը»

Թեհրանը վերջերս բողոքել էր, որ ԱՄՆ-ն մասամբ է պատասխանել իրենց յոթ կետանոց առաջարկներին, որոնք, ըստ իրանական կողմի, հնարավորություն կտան մեկ շաբաթում վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի ու բնական գազի մոտ 20 տոկոսը:

Երեկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական անգամ էր սպառնացել հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին, եթե ամերիկյան զինուժը կրկին հարվածի Իրանին:

Թրամփը քննադատության թիրախում

Մինչ Թրամփն ակնարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Քրիս Մերֆին X-ում գրառումներ են արել և քննադատել Սպիտակ տան ղեկավարին Իրանի դեմ պատերազմի համար։

Ուորենը նշել է, որ պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 23 ամերիկացի զինծառայող, և ծախսվել է ավելի քան 45 միլիարդ դոլար «հարկատուների» վճարած հարկերից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը կվերաբացվի․ Արաղչի

«Թվում է, թե ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ արդյունք է գրանցել այս պատերազմը կամ երբ այն կավարտվի»,- գրել է Ուորենը՝ հավելելով, որ շուտով կլրանա հակամարտության 8-րդ ամիսը:

Մերֆին էլ դատապարտել է ԱՄՆ վարչակազմի ռազմավարությունը՝ գրելով, որ «Թրամփը պատերազմ սկսեց Իրանի հետ՝ առանց մեր զորքերին, դիվանագետներին կամ միլիարդավոր դոլարների արժողությամբ բազաներին պաշտպանելու որևէ գործնական ծրագրի»: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զայրացած լինի սրա համար: Պարզապես լիակատար, բացարձակ անգործունակություն»,- գրել է նա:

«Մակաբույծ» հարաբերություններ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական հարաբերությունները «մակաբուծային» է անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կոչնչացնի Ծոցում ԱՄՆ տվյալների կենտրոններն ու մալուխները, եթե պատերազմը վերսկսվի. Ռեզաի

X-ում արած գրառման մեջ Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն վերջին երեք տարիների ընթացքում «հարկատուների գումարներից 11 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելի համար նախատեսված հրթիռային պաշտպանության վրա»:

Ըստ նրա՝ Վաշինգտոնն «ավելի շատ հակահրթիռային համակարգեր է արձակել Իսրայելը պաշտպանելու համար, քան Իսրայելը»։

«Անաչառության տակ քողարկված աղավաղում»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն «Իրանական հակամարտություն» անվանելը անորոշ է դարձնում այն, թե ում վրա է պատասխանատվության բեռը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

Ըստ նրա՝ այդ ձևակերպման մեջ չեն երևում «ագրեսորները»՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, փոխարենը նշվում է միայն Իրանի անունը, որը փաստացի հարձակման է ենթարկվել:

X-ում արած գրառման մեջ Բաղային ասել է, որ պատերազմի անունները կարող են «ձևավորել նարատիվներ, որոնք ծառայում են ագրեսորներին»: «Սա չեզոքություն չէ, սա անաչառության տակ քողարկված աղավաղում է։ Անվանեք այն ագրեսիա, նշեք պատասխանատուներին և հրաժարվեք թույլ տալ, որ դիվանագիտական լեզուն թաքցնի ճշմարտությունը»,- գրել է նա։