Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերել:

«Ռուսաստանն անհապաղ կմատակարարի ավելի քան 300,000 տոննա դիզելային վառելիք ամերիկյան և համաշխարհային շուկա, ևս 500,000 տոննա՝ նոյեմբեր ամսվա ընթացքում, և 1 միլիոն տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, կախված նրանց նավթային վերամշակման գործարանների վիճակից, Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կմատակարարի 3 միլիոն տոննա դիզելային վառելիք», - սոցցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը` «արտակարգ հաջող» որակելով ռուս պաշտոնակցի հետ զրույցը:

Պաշտոնական Մոսկվան դեռ հեռախոսազրույցի մասին մանրամասներ չի հայտնել:

Չնայած Թեհրանի հերքումներին, Թրամփը դարձյալ պնդել է, թե Ամերիկան լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և ըստ նրա՝ այդ փաստը և ռուսների հետ դիզվառելիքի շուրջ պայմանավորվածությունը կնպաստեն գների նվազմանը:

Գրառումը ԱՄՆ նախագահը ավարտել է այսպես. - «Բացի այդ՝ պետք է հասկանալ, որ Իրանը միջուկային զենք չի՛ ունենալու»:

Մի քանի շաբաթ առաջ Թրամփն ասել էր, թե Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով, և մեծ թվով ռուսական վերամշակման գործարաններ պայթեցվել են կամ առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը երկարաձգել էր դիզվառելիքի արտահանման արգելքը մինչև հոկտեմբերի վերջ, ինչն էլ ավելի էր մեծացրել լարվածությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, որն առանց այդ էլ ցնցումների մեջ է շարունակվող հակամարտությունների և մատակարարումների պակասի պատճառով:


​
XS
SM
MD
LG