Մատչելիության հղումներ

Իրանը կոչնչացնի Ծոցում ԱՄՆ տվյալների կենտրոններն ու մալուխները, եթե պատերազմը վերսկսվի. Ռեզաի

Մոհսեն Ռեզաի, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Մոհսեն Ռեզաի, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանը կոչնչացնի ԱՄՆ տվյալների կենտրոններն ու մալուխները Պարսից ծոցում, եթե Վաշինգտոնը վերսկսի պատերազմը, իրանական Press TV-ին տված հարցազրույցում սպառնացել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

«Միացյալ Նահանգները չափազանց թանկարժեք ակտիվներ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորմուզի նեղուցի շուրջ, - ասել է նա,- Մենք դեռ չենք ներառել այս ակտիվները մեր թիրախների շարքում: Սակայն եթե պատերազմ սկսվի, այդ մալուխներից, տվյալների կենտրոններից, արհեստական բանականության օբյեկտներից և բազմաթիվ այլ վայրերից շատերը կոչնչացվեն»:

Ռեզաին այդ ակտիվներն անվանել է «ամերիկյան տնտեսության զարկերակ այս տարածաշրջանում» և ասել, որ դրանց «արժեքը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը»։

Նա նաև վստահեցրել է, որ Իրանը «լիովին պատրաստ է» գործի դնել ռազմական նոր հնարավորություններ, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի։

«Մենք առաջին շաբաթում չգործեցինք այնպես, որ բացահայտեինք մեր բոլոր հնարավորությունները։ Եթե դա անեինք, հետագայում օգտագործելու քիչ բան կունենայինք», - ասել է նա։

«Այսօր, եթե տեղի ունենա ևս մեկ բախում, մենք անպայման թշնամուն կառերեսվենք շատ ավելի լայն և լայնածավալ ծրագրով»,- հավելել է նա։

Նավթի «մաքսանենգ ցանց» Հորմուզում

Ռեզաին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարին մեղադրել է Հորմուզի նեղուցով ԱՄԷ զինված ուժերի աջակցությամբ մաքսանենգ ճանապարհով նավթի տեղափոխումը կազմակերպելու մեջ:

«Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում մենք միջինը ամեն գիշեր հարվածել ենք այս մաքսանենգ նավերից հինգին: Սրանք հենց այն գործողություններն են, որոնք վերահսկում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարը»,- ասել է նա:

Նա պնդել է, որ «ԱՄԷ զինված ուժերի անձնակազմ» է տեղակայվել և օգտագործվել «այդ գործողություններին աջակցելու համար»։

Նա նաև ԱՄՆ նախագահին է մեղադրել այս գործողություններում ներգրավված լինելու մեջ: «Թրամփը համագործակցել է մի շարք մաքսանենգների հետ Օմանի այս ժայռոտ ափամերձ ջրերում՝ մաքսանենգ գործողություններ իրականացնելու համար»,- նշել է նա։

Ռեզաին նաև ասել է, որ ԱՄՆ-ն ընդունել է Իրանի յոթ կետանոց առաջարկների մի մասը միայն, մյուսները թողել է անպատասխան, ինչը, ըստ նրա, «անբավարար է»:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեռ չի արձագանքել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG