Թրամփ. Միացյալ Նահանգները երբեք ուժով չի տիրանա Գրենլանդիային և պատրաստ է բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, 21-ը հունվարի, 2026թ.

Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն և պատրաստ է բանակցել, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը: Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ միայն Ամերիկան կարող է պաշտպանել Գրենլանդիան:

«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից պարտավորություն ունի՝ կարողանալու պաշտպանել իր սեփական տարածքը: Սակայն փաստն այն է, որ բացի ԱՄՆ-ից ոչ մի այլ երկիր կամ երկրների խումբ որևէ կերպ այն դիրքերում չէ, որ կարողանա ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը», - ասաց ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն տարիներով պաշտպանել է Գրենլանդիան և թույլ չի տվել, որ այլ երկրներ հաստատվեն այնտեղ, ապա այն վերադարձրել է Դանիային: «Որքան հիմար ենք մենք եղել դա անելու համար: Բայց մենք դա արել ենք: Եվ որքան ապերախտ են նրանք հիմա», - ասաց նա՝ հավելելով, որ հիմա անվտանգային շատ մեծ սպառնալիքներ կան, որոնք ԱՄՆ-ն պետք է հասցեագրի:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն երկու դար փորձել է գնել Գրենլանդիան, նույնը ցանկանում է հիմա ու պատրաստ է բանակցել և ուժի միջոցով չի լուծի հարցը: «Մենք ոչինչ չենք ստանա, եթե ես չորոշեմ չափազանց ուժ կիրառել, մենք անկասելի կլինենք, բայց մենք դա չենք անի», - ասաց նա՝ Դանիային մեղադրելով Գրենլանդիայում անհրաժեշտ ծավալի ներդրումներ չանելու համար:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Գրենլանդիայի ձեռք բերումը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար, այլ կամրապնդի այն, իսկ ինքը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ բան է արել, քան որևէ այլ մեկը:

«ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ: Ոչ ոք չի կարող դա վիճարկել: Մենք այնքան շատ բան ենք տալիս և այդքան քիչ ենք ստանում», - նշեց Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև քննադատեց Եվրոպային՝ նշելով, որ «այն ճիշտ ուղղությամբ չի շարժվում»։ Թրամփն ասաց, որ «չի ճանաչում Եվրոպան»: «Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է այն բարգավաճում, բայց այն ճիշտ ուղղությամբ չի գնում», - հայտարարեց նա՝ հիշատակելով «անվերահսկելի զանգվածային միգրացիան» և բյուջետային ու առևտրային ռեկորդային դեֆիցիտը։

Դավոս Սպիտակ տան ղեկավարի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լարվածության ֆոնին, որն սկսվեց, երբ ի պատասխան Գրենլանդիան վերցնելու մասին Թրամփի հայտարարությունների՝ եվրոպական մի քանի երկրներ զորք ուղարկեցին Դանիային պատկանող կղզի: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք կսահմանի այդ երկրների համար:

Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ մաքսատուրք կիրառելու Թրամփի սպառնալիքները «պարզապես սխալ են»: Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ Գրենլանդիայի ապագան նրա ժողովրդի որոշելիքն է, զգուշացնելով, որ հարկադրական միջոցառումները խաթարում են ինչպես երկրների ինքնիշխանությունը, այնպես էլ միջազգային իրավունքը:

Եվրոպան նախընտրում է երկխոսություն, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, զգուշացրել է եվրոպացի պաշտոնյան:

«Մենք հասել ենք վճռորոշ կետի։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ ենք գործել, անհրաժեշտության դեպքում, միասնաբար, հրատապ և վճռականորեն», - ասել է ֆոն դեր Լայենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ տեղի չի տա Թրամփի սպառնալիքներին: Քիր Սթարմերն ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ երկիրը մաքսատուրքերի սպառնալիքի տակ չեն զիջելու Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու արժեքները:

Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի և Դանիայի որոշելիքն է, իսկ Թրամփի սպառնալիքները, թե մաքսատուրքեր կսահմանի իրեն դեմ արտահայտվող երկրների վրա, «լիովին սխալ են»։

«Ես միշտ հստակ և հետևողականորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ։ Գրենլանդիայի ապագան բացառապես Գրենլանդիային և Դանիայի Թագավորության որոշելիքն է», - ընդգծել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Սթարմերը նաև նշել է, որ չնայած Թրամփն ակնհայտորեն չի լսում իր ասածները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այդուհանդերձ, կարևոր են հատկապես պաշտպանության, անվտանգության, հետախուզության ու միջուկային կարողությունների և առևտրի հարցերում։

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը չէր բացառել, որ Միացյալ Թագավորությունը պատասխան մաքսատուրքեր կարող է կիրառել ԱՄՆ-ի դեմ: Ռեյչել Ռիվզը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «չի ենթարկվի որևէ ճնշման» և ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում կգործի իր պետական շահերից ելնելով, ինչը նշանակում է «վերացնել առևտրային արգելքները ամբողջ աշխարհի երկրների հետ»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ չնայած լարվածության աճին՝ անցյալ տարի ԱՄՆ-ի հետ ստորագրված տնտեսական համաձայնագիրն ուժի մեջ կմնա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ նախագահը ժամանեց ԴավոսԹրամփի և Պուտինի բանագնացները «շատ դրական» և «կառուցողական» են գնահատում Դավոսի հանդիպումը Թրամփին Դավոս տեղափոխող ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով վերադարձել է ԱՄՆՄակրոն․ Աշխարհում գործող կանոնները վերանում ենPolitico. Սպիտակ տունը առայժմ չի ցանկանում Թրամփ-Զելենսկի հանդիպում կազմակերպելԹրամփը համաձայնել է Դավոսում հանդիպում ունենալ տարբեր կողմերի հետ՝ Գրենլանդիայի հարցով