Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Կիրիլ Դմիտրիևը «շատ դրական» և «կառուցողական» են գնահատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Դավոսում երեկվա հանդիպումը: ԱՄՆ կողմից հետպատերազմական Ուկրաինային անվտանգության երաշխիքների և երկրի տնտեսական զարգացման շուրջ, սակայն, համաձայնություն դեռ չկա:
«Երկխոսությունը կառուցողական է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշման արդարացիությունը», - մոտ երկու ժամ տևած հանդիպման մասին ասել է Վլադիմիր Պուտինի բանագնաց Դմիտրիևը։
«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք», - իր հերթին, ռուսական РИА "Новости" գործակալությանն ասել է Ուիթքոֆը:
Ուկրաինական կողմն էլ երեկ հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ ու համաձայնեցրել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների և հետագա դիվանագիտական աշխատանքի շուրջ մոտեցումները։
Նախագահ Զելենսկիի գրասենյակի ղեկավարն ասել է, որ առաջ են շարժվում։
«Չեմ կարող ասել, որ վաղը անպայման խաղաղություն կունենանք. եթե որևէ մեկը նման բան է խոստանում, դա ճիշտ չէ։ Բայց մենք հսկայական ջանքեր ենք գործադրում դրան հասնելու համար», - հայտարարել է Կիրիլո Բուդանովը:
Financial Times-ը գրում է, որ Գրենլանդիան ձեռք բերելու` Դոնալդ Թրամփի փորձերին և նրա առաջարկած «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը Եվրոպայի դիմադրությունը խափանել են պատերազմից հետո Ուկրաինայի համար տնտեսական աջակցության ծրագրերը:
Թերթը իրավիճակին ծանոթ վեց պաշտոնյայի հղումով գրում է, որ նախատեսվում էր Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել Ուկրաինայի տնտեսական զարգացման 800 մլրդ դոլար արժողությամբ ծրագրի մասին, որը պետք է համաձայնեցվեր ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև: Սակայն այն հետաձգվել է:
«Այս պահին ոչ ոք տրամադրված չէ մեծ ներկայացում բեմադրելու Թրամփի հետ համաձայնագրի շուրջ», - թերթին ասել է պաշտոնյաներից մեկը:
Այդուհանդերձ, ըստ պարբերականի, ծրագիրը չի հետաձգվում անորոշ ժամանակով, այն դեռ կարող է ստորագրվել ավելի ուշ: Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ Դավոս կմեկնի, եթե երկու փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման:
Ու մինչ փաստաթղթերի ստորագրման հեռանկարը մշուշոտ է, ռուսական զինուժը անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Օդեսայի վրա, վնասվել են տներ, ենթակառուցվածքներ, կա տուժած: Եվս մեկ մարդ տուժել է Խերսոնում:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երեկվա հարվածների հետևանքով Կիևում ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, քաղաքի զգալի մասում չկա նաև ջուր և ջեռուցում: Մայրաքաղաքում վրանային կացարաններ են ստեղծվել, որտեղ բնակիչները կարողանում են տաքանալ, հեռախոսներ լիցքավորել:
«Հիմա ամենադժվար պահն է։ Մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել, երբ միևնույն ժամանակ չի եղել ո՛չ ջեռուցում, ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջուր ... Բնակարանում ասես խցում լինես, ի՞նչ կարող ես անել այնտեղ», - ասում է Կիևի Իրինա անունով բնակչուհին:
«Այստեղ եմ եկել, որ տաք ջուր վերցնեմ, որպեսզի կարողանանք թեյ խմել։ Տանը ոչ սառը ջուր կա, ոչ ջեռուցում, ոչ էլ էլեկտրականություն», - նշում է Սվիտլանա Վոդարչուկը:
«Եթե երկար ժամանակ ջեռուցում չլինի, ապա մտածում ենք գյուղ գնալու մասին։ Գոնե փայտի վառարան կա այնտեղ», - ասում է Դարիա Շտուլը:
«Ես հարազատներիս համար արտաքին մարտկոցներ եմ բերել։ Նաև փորձում եմ նրանց ֆինանսապես օգնել, բայց օգնում եմ իմ ուժերի ներածին չափով»,- ասում է Ուկրաինայի մայրաքաղաքի բնակչուի Մելանիա Շոմկոն:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Ռուսաստանի մաս կազմող Ադիգեայի Հանրապետության Նովայա Ադիգեա բնակավայրին, կա 13 տուժած: Եվս 10 մարդ տուժել է Կրասնոդարում: