Թեհրանը դիվանագիտական լուծման մեծ հնարավորություն է տեսնում, Վաշինգտոնը Պարսից ծոցում զորք է կուտակում

F/A-18E Super Hornet ռազմական օդանավը ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա Արաբական ծովում, փետրվար, 2026թ.

Իրանն ամերիկյան ցանկացած հարվածի «կատաղի» պատասխան կտա և ռազմական ագրեսիա կհամարի նույնիսկ թիրախային, սահմանափակ հարվածները, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը՝ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին, որ կհարվածեն Իրանին, եթե գործարքի չգնա միջուկային ծրագրի շուրջ:

Էսմայիլ Բաղային ասել է, որ իրանցիները մեծ դժվարությունների են բախվում «միջուկային խնդրի պատրվակով երկրի դեմ կիրառված անարդար պատժամիջոցների» պատճառով, որոնք պետք է հնարավորինս արագ վերացվեն:

Իրանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ Թեհրանը հիմա իր տեսակետները ձևակերպելու փուլում է, և հույս ունեն առաջիկա երկու-երեք օրում Ժնևում ևս մեկ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ: Բաղային, սակայն, զգուշացրել է՝ ոչ ոք չի կարող Թեհրանին ստիպել, որ միակողմանի զիջումների գնա:

«Ցանկացած բանակցություն, որի նպատակն է ստիպել մի կողմին միակողմանիորեն ընդունել մյուսի պահանջները, բնականաբար դատապարտված է ձախողման: Առնվազն Իրանի դեպքում նման մոտեցումը, անկասկած, ոչ մի արդյունք չի տա», - նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Իրանի արտգործնախարարը երեկ CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանն ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու և միջուկային էներգիա արտադրելու բոլոր իրավունքները: Աբբաս Արաղչիի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում դիվանագիտական լուծման հասնելու «մեծ հնարավորություն» կա:

«Կարծում եմ՝ կա լավ հնարավորություն դիվանագիտական լուծման համար, որը շահեկան կլինի բոլորին, և լուծումը հնարավոր է։ Այնպես որ, ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա, դա չի կարող օգնել խնդրի կարգավորմանը և չի կարող ճնշել մեզ», - ասել է Իրանի արտգործնախարարը:

Արաղչին նաև հայտնել է, որ կողմերը հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Ժնևում: Օմանը, որի միջնորդությամբ են անցկացվում բանակցությունները, ևս հաստատել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի։

Ամերիկյան Axios-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, մինչ այդ գրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպել, եթե առաջիկա 48 ժամում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի առաջարկը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն Պարսից ծոցում մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է կուտակել: Ըստ լրատվամիջոցների՝ 2003-ին Իրաքի պատերազմից հետո ԱՄՆ-ն առաջին անգամ է տարածաշրջանում ռազմական այսպիսի ներկայություն ունենում:

ԱՄՆ նախագահն օրերս բաց տեքստով ասաց, որ քննարկում է Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը: «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ ես քննարկում եմ դա», - ասել էր Դոնալդ Թրամփը՝ առանց մանրամասնելու:

Թրամփի հատուկ բանագնացն էլ երեկ ասել է՝ Սպիտակ տան ղեկավարի մոտ հարց է առաջանում, թե ինչու Իրանը դեռ չի համաձայնել սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այդքան զորք է կուտակել Մերձավոր Արևելքում: Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին ասել է, թե Թեհրանը շատ մոտ է միջուկային զենք ստեղծելուն:

«Նրանք ուրանը հարստացնում են քաղաքացիական միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակից շատ ավելի։ Այն հասնում է մինչև 60 տոկոսի։ Նրանք, գուցե, մեկ շաբաթից կարողանան արդյունաբերական մակարդակի ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութ ունենալ: Իսկ դա իսկապես վտանգավոր է», - նշել է Ուիթքոֆը:

Ու մինչ պատերազմի վտանգը դեռ դամոկյան սրի պես կախված է Իրանի վրա, իրանցի ուսանողները շարունակել են ցույցերը, որոնք վերսկսել էին փետրվարի 21-ին՝ ոգեկոչելու տարվա սկզբի ցույցերի ժամանակ սպանված հազարավոր իրանցիների հիշատակը:

Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտ բախումներ են եղել ուսանողների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի միջև։ Ցույցեր են անցկացվել նաև Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական և Թեհրանի համալսարաններում:

The New York Times-ը գրում է, որ հունվարի սկզբին, երբ Իրանը բախվեց ցույցերի և ԱՄՆ հարվածների սպառնալիքին, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի կառավարման հարցում դիմեց իր վստահելի և հավատարիմ մարդկանցից մեկի՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի օգնությանը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարներից է:

Ըստ թերթի՝ այդ պահից ի վեր, երկիրը փաստացի ղեկավարում է 67-ամյա Լարիջանին, որը երկարամյա փորձ ունի նաև քաղաքականությունում։ Արդյունքում՝ լուսանցքում է հայտնվել նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը հրապարակավ ասում է, որ ինքը բժիշկ է, ոչ թե քաղաքական գործիչ, և ոչ ոք չպետք է ակնկալի, որ կլուծի Իրանի բազմաթիվ խնդիրները:

Ի դեպ, Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին այսօր պաշտոնական այցով Իրան է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ նախարարն առնվազն մեկ հանդիպում ունեցել է, թե ում հետ, չեն նշել: Այցի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պապիկյանն այցելում է ԻրանՈւիթքոֆն ասել է, որ Թեհրանը հիմա շատ մոտ է միջուկային զենք ստեղծելունԱրաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում դիվանագիտական լուծման «մեծ հնարավորություն» կաԵՄ արտգործնախարարը կոչ է անում Իրանի հարցում «դիվանագիտական ​​լուծում» գտնելԻրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրելԹրամփի սպառնալիքներից ժամեր անց. Թեհրանը խոստանում է պատրաստել միջուկային համաձայնագրի նախագիծԹրամփը զգուշացնում է Իրանին՝ համաձայնության չգալու դեպքում՝ «վատ բաներ» կպատահեն