Reuters-ը հաղորդում է, որ նախօրեին Իրանում ուսանողները շարունակել են բողոքի ցույցերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 21-ին Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել: Սա առաջին բողոքի ցույցն է, որ տեղի ունեցավ տարեվերջին իշխանությունների կողմից վերջին տարիների ամենամեծ հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։
Ըստ հաղորդումների՝ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի մարտիկների միջև։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում ուսանողները վանկարկում են «Ամոթ, ամոթ», իսկ որոշները ծածանում են Իրանի ազգային դրոշը։
Հանրահավաք է տեղի ունեցել նաև Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանում: «Ֆարս» լրատվական գործակալությունը պնդում է, որ նմանատիպ բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Թեհրանի համալսարանում:
Ցույցերը համընկան այս շաբաթ երկրով մեկ անցկացված հարյուրավոր արարողությունների հետ՝ նվիրված հունվարին անվտանգության ուժերի հետ խոշոր բախումների ժամանակ զոհվածների հիշատակին։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում բռնկված բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 7000 մարդ, նրանց թվում՝ իրավապահ կառույցների 200-ից ավելի աշխատակից։ Իրավապաշտպանները կարծում են, որ զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի շատ լինել։ Մոտ 53,500 մարդ էլ ձերբակալվել է։
Պաշտոնական Թեհրանի հրապարակած զոհերի թիվը 3 հազար 117 է:
DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալները, ավելի վաղ հայտնել է, որ Իրանում առնվազն 30 ակտիվիստների մահապատիժ է սպառնում՝ վերջին զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Տնտեսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած հակակառավարական ցույցերը համարվում են ամենալուրջ ակցիաները Իրանում վերջին տարիներին: