Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել: ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
«ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Կրեմլից էլ հաղորդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։
Նշվում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարությանըՎարչապետն ի պատասխան այսօր հայտարարեց. «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»:
Իսկ թե երբ տեղի կունենա այդ հանրաքվեն, վարչապետն ասաց. «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է: Ինչու, որովհետև հիմնավորում չկա, բալանսը ձևավորված չի, որ մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել՝ այս ճանապարհով գնալ, թե մյուս: Այսօր այդ ընտրությունը տեսական է և տեսական ընտրությունը հանաքվեի դնելն այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ և հիմնավորված չէ»:
Մինչդեռ, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները 5-րդ անդամին՝ Հայաստանին փոխանցած հայտարարությունում ընդգծել են՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: