Ստամբուլի հանդիպումից առաջ Թրամփը սպառնում է՝ եթե գործարք չկնքվի, «վատ բաներ կարող են տեղի ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի, կոլաժ

Ստամբուլում ուրբաթ օրը կհանդիպեն Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Ըստ ամերիկյան Axios-ի՝ հանդիպմանը, որը վերջին օրերին Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն է, կմասնակցեն նաև այս երկրների, ինչպես նաև ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։

Իրանի դիվանագիտական աղբյուրը Reuters-ին ասել է, որ Թեհրանը ոչ լավատես է, ոչ էլ հոռետես Ստամբուլի հանդիպման հարցում, որը ցույց կտա, թե արդյոք ԱՄՆ-ն «մտադիր է լուրջ և արդյունքի վրա կենտրոնացած» բանակցություններ վարել։ Աղբյուրը նաև վստահեցրել է՝ Իրանը ռազմական պատրաստվածության բարձր վիճակում է՝ պատրաստ ցանկացած սցենարի, իսկ երկրի պաշտպանական կարողությունները, որի կարևոր մաս է բալիստիկ հրթիռների ծրագիրը, բանակցության առարկա չեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Fars. Իրանի նախագահը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Ավելի վաղ Իրանի նախագահն էր արտգործնախարար Աբբաս Արաղչիին հանձնարարել, որ ուսումնասիրի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը: Մասուդ Փեզեշքիանը սոցցանում գրել է, որ դրանք պետք է անցկացվեն երկրի պետական շահերը պաշտպանելու շրջանակում:

«Ես հանձնարարել եմ արտգործնախարարին՝ եթե գոյություն ունենա համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, իրականացնել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», - գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Արևմուտքը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է պատրաստում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը միշտ էլ պատրաստ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ պայմանով, որ բանակցություններն անցկացվեն հավասար դիրքերից, հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և ապահովեն Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը: Աբբաս Արաղչին զգուշացրել է՝ եթե Իրանի հետ խոսեն հարգանքով, հարգալից պատասխան կստանան, իսկ եթե խոսեն սպառնալիքների և ուժի լեզվով, ապա արձագանքը նույնը կլինի:

«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, բայց նրանք պետք է իմանան, որ դիվանագիտությունը չի կարող ուղեկցվել սպառնալիքների, ահաբեկման և ճնշումների հետ։ Դիվանագիտությունն ունի իր գաղափարախոսությունը», - շեշտել է Իրանի արտգործնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ Իրանի մասին. «Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր»

ԱՄՆ նախագահը, որը վերջին օրերին Իրանին բազմիցս կոչ է արել անմիջապես բանակցությունների նստել միջուկային ծրագրի շուրջ, այսօր հրաժարվել է մանրամասներ հայտնել: Դոնալդ Թրամփը միայն ասել է, որ ԱՄՆ-ն հսկայական ուժեր է ուղարկել տարածաշրջան, իսկ իսկ ըստ ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի՝ 12 ռազմանավ և երկու ատոմային սուզանավ:

Թրամփը նաև ասել է, որ բանակցությունները շարունակվում են բարձր լարվածության պայմաններում, ապա սպառնացել՝ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։

«Ես կցանկանայի, որ համաձայնություն ձեռք բերվեր։ Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ… Հիմա մենք բանակցում ենք Իրանի հետ։ Եվ եթե կարողանանք ինչ-որ բան մշակել, դա հիանալի կլինի։ Իսկ եթե ոչ, թերևս, վատ բաներ տեղի կունենան»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Մինչ տեղի կունենան ամերիկա-իրանական բանակցությունները, արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ անցած տարվա ամերիկյան հարվածների թիրախ դարձած Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներում վերջերս կարծես վերանորոգման որոշ աշխատանքներ են կատարվել:

Ըստ Վաշինգտոնում գործող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի՝ Սպահանի օբյեկտի թունելների մուտքերի վրա շինարարական աշխատանքները կարող են վկայել, որ Իրանը «ռազմական լրացուցիչ հարվածների է պատրաստվում», ինչպես դա նկատվել էր անցած տարի ԱՄՆ հարվածներից առաջ։ Դա նաև կարող է վկայել այլ օբյեկտներից ակտիվների տեղափոխման մասին:

Իրանական աղբյուրները հայտնել են, որ Թեհրանը կարող է իր բարձր հարստացված ուրանն արտասահման ուղարկել և դադարեցնել հարստացումը համաձայնագրի շրջանակում, որով նաև պետք է վերացվեն տնտեսական պատժամիջոցները։ Թեհրանը երեկ, սակայն, հերքել է դա:

Ու մինչ Ստամբուլում սպասվում է ԱՄՆ - Իրան հանդիպումը, Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները վերջին օրերին լուրջ ջանքեր են գործադրել այս հանդիպման և Իրանի շուրջ լարվածությունը թուլացնելու համար:

«Կարող եմ վստահեցնել՝ մենք համագործակցում ենք բոլոր հարևանների և բարեկամ պետությունների հետ … Կարծում եմ՝ բոլորս տարածաշրջանում հենց հիմա անհրաժեշտ շփումներ ենք ունենում՝ համոզվելու, որ դրական դեր ենք խաղում այս հարցում», - ասել է խոսնակը:

ԱՄԷ նախագահի խորհրդականն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքն արդեն բազմաթիվ աղետալի բախումներ է տեսել և ԱՄՆ-ի ու Իրանի միջև ևս մեկ բախման կարիք չունի: Անվար Գարգաշի խոսքով՝ Թեհրանն իր միջուկային ծրագրի շուրջ պետք է համաձայնության հասնի Վաշինգտոնի հետ, որպեսզի դա տարածաշրջանում անկայունության աղբյուր չդառնա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը պատրաստ է նպաստել լարվածության կարգավորմանը. Ալիևը՝ ՓեզեշքիանինԹրամփն ակնկալում է, որ Իրանը կձգտի համաձայնագրի՝ ԱՄՆ-ի հարվածներից խուսափելու համարՊուտինը հանդիպել է Իրանի ԱԽ քարտուղարի հետԻրանը համաձայն է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրաԻրանն անհապաղ կարձագանքի «ցանկացած ագրեսիայի». Իրանի նախագահը՝ ԱՄԷ առաջնորդինԹրամփը հույս ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի լինիԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը «շատ բարձր» է՝ ռազմական ուժերի կուտակման և զորավարժությունների ֆոնինԱրաղչի․ «Վստահ եմ, որ կարող ենք պայմանավորվել ԱՄՆ-ի հետ»Թեհրանը զգուշացնում է տարածաշրջանային հակամարտության մասին, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա