Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը Արաղչիին հանձնարարել է ուսումնասիրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին ուսումնասիրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը, X-ում գրել է Փեզեշքիանը։

«Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին, եթե գոյություն ունենա համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, իրականացնել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով», - նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահն ընդգծել է՝ «այս բանակցությունները պետք է անցկացվեն մեր ազգային շահերի շրջանակներում»:

Նախօրեին պետականամետ Fars-ն էր հաղորդել, որ Իրանի նախագահը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Իշխանական Tasnim-ն էլ հայտնել էր, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, թեև դրանց անցկացման օրն ու տեղը դեռ որոշված չէ:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հույս էր հայտնել, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։

XS
SM
MD
LG