Շվեյցարիան հայտարարում է՝ ԱՄՆ - Իրան բանակցությունները շարունակվում են

Շվեյցարիա - Ոստիկանները Բուրգենշտոկ հանգստավայրում հսկում են դեպի ԱՄՆ - Իրան բանակցությունների համար հատկացված հյուրանոց տանող ճանապարհը, 19-ը հունիսի, 2026թ.

Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բանակցությունները Բուրգենշտոկում շարունակվում են:

Գերատեսչությունն այսօր հայտարարել է, որ Շվեյցարիան շարունակում է «խորհրդապահական և վստահելի տարածք» տրամադրել՝ դյուրացնելու համար այդ բանակցությունները, և որ այլ տեղեկատվություն չի հրապարակվելու՝ բանակցությունների խորհրդապահական բնույթի պատճառով:

Շվեյցարիան նաև հրաժարվում է մանրամասներ փոխանցել բանակցությունների մասնակիցների և բովանդակության վերաբերյալ:

Այսօր առավոտյան Axios-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել են Շվեյցարիա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև բախումների էսկալացիան պատճառ է դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Շվեյցարիա ուղևորության չեղարկման, ինչը կասկածներ էր հարուցել բանակցությունների ապագայի վերաբերյալ:

Axios-ի փոխանցմամբ՝ Ուիթքոֆը Շվեյցարիայում միանալու է Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին, ով արդեն իսկ այդ երկրում է, և Արաղչին նույնպես Շվեյցարիա է ժամանելու այսօր:

Ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա լրատվամիջոցին հայտնել էր, որ երեկ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել Միացյալ Նահանգների և Կատարի միջնորդությամբ ու Իրանի օժանդակությամբ:

Այդուհանդերձ, համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանի տարածքին, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, թե հարձակումը պատասխան էր Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինված խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»:

Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս քայլին պաշտոնական Թեհրանը դիմում է ՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարի համաձայնությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա «առաջին քայլն» է, և նախազգուշացնում են, որ եթե «ագրեսիան» շարունակվի, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցը կփակվիՀրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 20 մարդ է զոհվելԻսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատելԻնչո՞ւ են հետաձգվել ԱՄՆ-Իրան բանակցությունները ՇվեյցարիայումԻսրայելի բանակը կմնա Լիբանանում «այնքան, որքան անհրաժեշտ է». ՆեթանյահուԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Իրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում. ՂալիբաֆԻսրայելը մահացու հարվածներ է հասցրել ԼիբանանինՇվեյցարիան հայտնում է՝ այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղյալ են հայտարարվելԻրանը Հորմուզով անցնել ցանկացող նավերին արագ թույլտվություն կտրամադրի Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. ՂալիբաֆՎենսի այցը Շվեյցարիա հետաձգվում է110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել է