Սամվել Կարապետյանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու «իր ժամկետներն ունի»

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը թեև խոստանում է, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզ ու ժամկետներ չի ներկայացնում, թե ինչպես և ինչ ժամկետում է մտադիր իշխանությունից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ մանրամասներ, սակայն, չհայտնելով: «Ազատության» հարցին, թե իշխանափոխությունն ի՞նչ ժամկետում է պատկերացնում, Կարապետյանը հստակ պատասխան չտվեց, նշեց միայն. «Ես իմ ժամկետներն ունեմ, դա բոլորդ կտեսնեք»:

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր «գաղտնի պլանի» մասին Սամվել Կարապետյանը խոստանում է խոսել, երբ Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքները վիճարկելու իրենց դիմումի վերաբերյալ որոշում կայացնի:

Բարձր դատարանն արդեն 5-րդ օրն է քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները: «Ուժեղ Հայաստանը» պնդում է, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կեղծիքներով է ընտրվել և ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ 2-րդ փուլ նշանակել:

«Սահմանադրական դատարանը, ես վստահ եմ, հնարավորություն ունի 2-րդ փուլ նշանակել, դրա համար մենք այդ հնարավորությանը սպասում ենք»,- ասաց Սամվել Կարապետյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատի այս պահին». ո՞րն է Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Սամվել Կարապետյանը դեռևս հունիսի 17-ին էր հայտարարել «Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով» ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին: Միլիարդատեր գործարարը, որ նախընտրական շրջանում դաշինք էր կազմել հանրությանն անհայտ 2 ուժերի հետ, ընտրություններից հետո ընդունել էր, որ սխալվել են:

Առայժմ, սակայն, միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ ողջունել Սամվել Կարապետյանի առաջարկը: ԲՀԿ-ից փոխանցել էին, թե սպասում են Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզին և լիդերների հավաքին:

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, սակայն, այսօր պնդեց՝ այլ ուժեր էլ են արձագանքել իր առաջարկին, թեև այդպես էլ անուններ չտվեց.

Կարապետյանի խոսքով.- «Դուք ճիշտ չեք, որ մենակ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել, շատերն արձագանքել են, նույնիսկ Փաշինյանն է արձագանքել, որ միանում է: Մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսե՞լ էիք պատմության մեջ: Մարդն ԱԺ ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք»:

Կարապետյանին ուղղված «Ազատության» հարցին, թե իր կոչը ընդդիմադիրներին էր ուղղված, ընդդիմադիրներից ո՞վ է արձագանքել այդ կոչին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը պատասխանեց.- «Դուք դա կտեսնեք, երբ առաջին հավաքը լինի»:

Խորհրդարանում 29 տեղ ստացած «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը մանդատներ վերցնել-չվերցնելու հարցում դեռ որոշում չի կայացրել: Ասաց, թե մինչև հուլիսի վերջ ժամանակ ունեն:

Օրերս «Ուժեղ Հայաստանը» իր ընտրողների հետ հավաք էր կազմակերպել՝ պարզելու, թե ինչ մտադրություն ունեն իրենց համակիրները մանդատների հետ կապված: Դաշինքի առաջնորդը նշեց, որ թեև մեծամասնությունը կողմ է մանդատները վերացնելուն, բայց վերջնական որոշումն ինքն է կայացնելու:

«40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, նրանցից դեռ ինչ-որ մարդիկ պրովոկացիաներ են անում, 60 տոկոսը հակառակը: Իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք ենք կայացնելու»,- շեշտեց Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, որ դեռ չի բացում փակագծերը, թե ինչպես է հասնելու իշխանափոխության, այսօր պնդեց, որ, նույնիսկ «եթե իրենք ոչ մի քայլ չձեռնարկեն, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հեռացնելու է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ». Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը

Ու մինչ Սամվել Կարապետյանը իշխանափոխությունից է խոսում, 64 ձայն ստացած Փաշինյանի ուժը նորընտիր խորհրդարանի ղեկավար կազմն է ձևավորում: Ավելին՝ վարչապետն ինքն է մեղադրում ընդդիմադիրներին համատարած կաշառքով խորհրդարան անցնելու համար, իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դնողներին էլ կոչ է անում դուրս գալ փողոց.

«Ձեր հետևորդների ձայները կեղծվել են, դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում, ո՞ւմ ձայնն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Փողոցային պայքարով իշխանափոխության հասնելու մասին միլիարդատեր գործարարն առայժմ զգուշորեն է խոսում՝ ասելով, որ եթե տեսնեն պահը հասունացել է և դրա անհրաժեշտությունը կա, նոր կգնան այդ քայլին:

Կարապետյանի խոսքով.- «Դրա համար մենք գնում ենք օրենքով, գնացել ենք Սահամանադրական դատարան, հիմա տեսնենք Սահամանադրական դատարանի որոշումը, դրանից հետո մեր հաջորդ քայլերը կպլանավորենք»:

Սահամանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը վերջնաժամեկտ ունի, պետք է կա՛մ բավարարի հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու ընդդիմադիրների պահանջը, կա՛մ մերժի՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: