Ինչո՞ւ Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված «Մեր ձևով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես էլ նրա խափանման միջոցի փոփոխությունը: Բադալյանի խոսքով՝ այս որոշումը կարող էր ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ, մասնավորապես վերլուծաբանը չի բացառում, որ ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարարի խափանման միջոցի փոփոխության հարցը քննարկված լինի անցած տարվա վերջին՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում։
«Իհարկե, որևէ պատճառ չենք կարող բացառել, թե ինչու և ինչպես Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տարեմուտի հենց շեմին, և այդ թվում, բնականաբար, այն, որ թեման կարող էր քննարկված լինել Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան կատարած այցի ընթացքում։ Ես չեմ կարող ասել, որ հաստատապես քննարկվել է, և Ռուսաստանն է ակնկալել, որպեսզի լինի այդ որոշումը, բայց կրկնեմ՝ որևէ քաղաքական ասպեկտ բացառելի չէ իհարկե, բայց մի բան է անկասկած, որ ինչպես կալանավորումն է եղել քաղաքական որոշում, այդպես էլ չէր կարող քաղաքական որոշում չլինել նրա կալանքից ազատելը, տվյալ պարագայում, իհարկե ընդամենը խափանման միջոցի փոփոխությունը», - ասաց Բադալյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանը բանտից տեղափոխվեց տուն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 միլիարդ դրամ. երբևէ կիրառված ամենաբարձր գրավը Սամվել Կարապետյանին բանտից տուն ուղարկելու համարԵթե Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը քաղաքական էր, ինչպես նշում է վերլուծաբանը, ապա ի՞նչ է շահում քաղաքական իշխանությունը նրան ազատ արձակելով, եթե քաղաքականություն մտած միլիարդատեր գործարարը վտանգ է ներկայացնում իշխանության համար, ապա արդյոք նրան տանը պահելով այդ վտանգը կվերանա՞. Հակոբ Բադալյանն ասում է, որ հազիվ թե այդ վտանգը չեզոքանար նրան բանտում պահելով, հակառակը՝ բանտում գտնվելը կարող է ավելի բոնուսային լինել ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի համար։ Հետևաբար, ըստ նրա, քաղաքական որոշումը կայացվել է ոչ այնքան վտանգի աստիճանից ելնելով, այլ քաղաքական ամենատարբեր հաշվարկների արդյունքով։
Ի դեպ, քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանը նաև ինքը հանրությանը պետք է պարզաբանի իր խափանման միջոցը փոխելու որոշման պատճառները և փարատի գոյություն ունեցող կասկածները, որ սա իշխանության հետ որոշակի գործարքի հետևանք չէ։
«Նույն տրամաբանության մեջ, իհարկե, տարբեր հասարակական շրջանակներ նաև այստեղ ինչ-որ պայմանավորվածությունների հնարավորություն են տեսնում, թե ինչու, օրինակ, ոչ մի այսպես նշանային քաղբանտարկյալի՝ քաղաքական առումով հետապնդվող նշանային գործչի մասով ոչ մի փոփոխություն չեղավ խափանման միջոցի, իսկ օրինակ՝ Սամվել Կարապետյանի մասով եղավ։ Այդ տեսանկյունից այսպիսի փոփոխությունը նույնիսկ ինչ-որ իմաստով մարտահրավեր է Կարապետյանին հասարակությանը բացատրել, որ սա որևէ կերպ գործարք չէ քաղաքական իշխանության հետ և չի կարող որևէ կերպ գործարք լինել քաղաքական իշխանության հետ։ Այսինքն՝ այս բացատրման խնդիրը Կարապետյանն ունի և այդ խնդիրը պետք է կարողանա լուծել «Մեր ձևով շարժման միջոցով», - նկատեց քաղաքական մեկնաբանը:
Սրբազանները՝ կալանավայրում, հիվանդանոցում
Ի տարբերություն ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ Բագրատ և Արշակ սրբազանները 2026-ը դիմավորեցին ԱԱԾ խցում, Միքայել սրբազանը՝ հիվանդասենյակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոսի վիրահատությունը բարեհաջող է անցել. փաստաբանԱրշակ սրբազանին հենց երեկ ԱԱԾ-ում տեսակցած փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ սրբազանները լավ են։ Բնականաբար խցում Նոր տարին նշելու հնարավորությունները սահմանափակ են։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը նաև Սուրբ Ծննդյան պահքն է, այնպես որ արքեպիսկոպոսները այս շրջանում նաև պահքի մեջ են։
«Տրամադրությունները լավ են նա, հարց ու փորձ էր ինձ անում, թե ինչպես է անցել Նոր տարին Մայր Աթոռում, շատ ուրախացավ, որ իմացավ, որ շատ մարդաշատ է եղել՝ չնայած առատ ձյանը», - ասաց Մելիքյանը:
Իշխանության սուր քննադատության թիրախում հայտնված Արշակ սրբազանը, որ մեկ ամիս առաջ կալանավորվեց և մեղադրվում է դեռևս 2018-ին մի քաղաքացու պայուսակում թմրամիջոց դնելու համար, Բագրատ սրբազանի հետ գտնվում է ԱԱԾ միևնույն խցում։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը Արշակ սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հունվարի 5-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի հարազատների տներըՊաշտպան Հովհաննես Խուդոյանը, որ այսօր է պատրաստվում տեսակցել Բագրատ արքեպիսկոպոսին, նշում է, որ ապօրինաբար կալանքի տակ պահվող սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իրենց բոլոր 3 բողոքներն էլ մերժվել են։ Բագրատ սրբազանը ահաբեկչության մեղադրանքով շուրջ 7 ամիս կալանավորված է։
Մինչ պաշտպանները պայքարում են սրբազանների ազատության համար, Մայր Աթոռի արքեպիսկոպոսները կիրակնօրյա պատարագների մասնակցելու իրենց իրավունքը իրացնում են ԱԱԾ-ում։
Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ հենց խցում շարժական վեմքար է տեղադրվում և հոգևորական է հրավիրվում. «Իմ տեղեկությամբ՝ յուրաքանչյուր կիրակի այդտեղ հնարավորություն է տրված պատարագ կազմակերպել, հոգևորական է այցելում և շարժական սեղանով շարժական սեղանով մատուցվում է պատարագ»:
Մինչ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելը Արշակ և Բագրատ սրբազանների հետ միևնույն խցում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Իշխանությունը զավթելու կոչի համար առաջին ատյանի դատարանի կողմից 2 տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը նախորդ տարվա վերջին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատության ենթարկվեց։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ սրբազանը դեռ հիվանդանոցում է, նա շարունակում է հետվիրահատական բուժումները։ Պաշտպանի խոսքով՝ սրբազանին այժմ խնամում է եղբոր տղան. «Այնքան բավարար չէ, որ հետ տանեն ՔԿՀ, պիտի շարունակեն բուժումները»:
Միքայել Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել սրբազանին և անհապաղ ազատ արձակել։ Դատական նիստը նշանակված է հունվարի 13-ին։