Սամվել Կարապետյանի քարոզարշավը՝ սեփական առանձնատան տարածքում, «Ուժեղ Հայաստան»-ի թիմն էլ Սյունիք էր մեկնել

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյան, մայիս, 2026թ.

Սամվել Կարապետյանի քարոզչական երթուղին սահմանափակվում է սեփական առանձնատան տարածքով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը տնային կալանքի տակ է, և Արարատի ու Արմավիրի մարզերի մի խումբ բնակիչներ իրենք էին նրա հարկի տակ հավաքվել:

«Ես ուրախ կլինեի, որ ես գայի ձեզ հյուր, բայց մեր իշխանությունները ամեն ինչ արին ու ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ շփվել մեր ժողովրդի հետ, որովհետև շատ են վախենում», - հայտարարեց Կարապետյանը:

Մարդկանց բարեկեցությունը, 300 հազար աշխատատեղը խոստում չէ, այլ՝ եղած բան, վստահեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը. - «Մենք չենք ասում՝ խոստանում ենք, մենք ասում ենք՝ երաշխավորում ենք»:

Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական թիմը հանգստյան օրերին և այսօր օրվա առաջին կեսին Սյունիքում էր՝ «լավ կյանքի» խոստումներով:

Սյունիքում մարդիկ լավ են ապրելու. պղինձը, մոլիբդենը, յուրահատուկ կլիման ու սահմանը՝ կուսակցության ընտական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը թվարկում է այն գործոնները, որ չպիտի թողնեն այստեղ աղքատ մարդ լինի:

«Ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ էս է, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել: Հայաստանը, Վրաստանը կլինեն տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան, ամեն տարի համարյա մեկ միլիարդ դոլարով իրենց շրջանառությունը ավելանում է», - հայտարարեց Կարապետյանը:

Խոստանում են գազ ու նավթ բերել, էլեկտրաէներգիա մատակարարել. - «Դուք չեք պատկերացնի ինչ շարժ է սկսվում»:

Իսկ թե ինչ խնդիր կարող է լինել, եթե «Ուժեղ Հայաստան»-ի պատկերացրած երաշխավորված խաղաղությունը չլինի, Նարեկ Կարապետյանը բացատրում էր հենց Իրանի սահմանից. - «Իսկ գիտե՞ք սա ինչ է՝ սա արդեն Պարսկաստանն է՝ ընդամենը 30-40 մետրի վրա: Դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը՝ այստեղ»:

TRIPP-ի չեղարկման մասին կուսակցությունը չի հայտարարել, շեշտում են՝ մեկից ավելի երաշխավորներ են պետք՝ Միացյալ Նահանգներից բացի՝ Ռուսաստան, Չինաստան:

«30 մետր է, 40, ինքնաձիգով կհարվածի, տո հողաթափիկ էլ շպրտի՝ կհասնի: Սրա համար, երբ մենք ասում ենք մեր հայրենակիցներին՝ պետք է երաշխավորված խաղաղություն, հիմնական նպատակը երաշխավորված խաղաղության, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է և պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ նույնպես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Խաղաղության երաշխավորների շրջանակն ընդլայնելու քայլերը կուսակցությունը դեռ չի բացահայտել: Նարեկ Կարապետյանն առաջարկում է ընդհանրապես վստահել երկրի առաջխաղացման իրենց ծրագրերին, որովհետև դրանք Սամվել Կարապետյանինն են. - «Երիտասարդ թիմը՝ ուժեղ առաջնորդով, ով առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ որևէ կարիք չունի, առաջին անգամ առաջնորդ է գալիս Հայաստանում, ով արդեն ունևոր է, ոչ թե, որ ՔՊ-ն եկավ հեծանիվով, դուրս եկավ «Ռեյնջ Ռովեր»-ով»:

«Ոչ թե անվտանգությունից, այլ խոպանի հաջողությունից խոսեք», - իշխող թիմից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր հեռակա Նարեկ Կարապետյանին դիմել:

«Պարոն Կարապետյան, բանակի և անվտանգության մասին խոսելուց առաջ անհրաժեշտ էր ժամանակին նախ բանակ գնալ, եղբայր: Սամվել Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ նայիր գերդաստանիդ անդամներին ու ասա այս ժողովրդին՝ ինչի՞ քո տղաները, ախպորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել», - հայտարարել էր Պապիկյանը:

«Խոսում ես վարչապետի թեկնածուի բանակի ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել Հայկական բանակին, քո ղեկավարը չի ծառայել բանակում, Ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին: Հետևն կանգնած, ու դեմքն էլ չի փոխվում», - հակադարձեց Կարապետյանը:

«Շատ տպավորված ենք մեր սիրելի սյունեցիների ընդունելությունից, շատ արդյունավետ աշխատանք ենք ունեցել Սյունիքում», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական թիմն այս պահին Վայոց ձորի մարզում է՝ նախընտրական երկու հավաք է նախատեսված ու մի համերգ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քարոզարշավ, օր 3-րդ. քաղաքական ուժերի հանդիպումները մարզերումՔարոզարշավի 2-րդ օրը. ընդդիմադիր ուժերի մի մասը Երևանում է, մյուսները՝ մարզերումՊատմական ընտրություններ են, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է մասնակցում քարոզարշավի. Նարեկ ԿարապետյանՄեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը