Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր մոտ 259,000 ռուս զինվոր է զոհվել

Զինվորների գերեզման, Տուլա, Ռուսաստան, 2023թ.

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր առաջնագծում զոհվել է առնվազն 258,989 ռուս զինվոր, նման տվյալներ են ներկայացրել BBC-ի ռուսական ծառայությունն ու Mediazona-ն՝ կամավորների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Արդեն հինգերորդ տարին ընթացող արյունալի պատերազմի ընթացքում զոհվածների գրեթե 7700-ը ռուսական բանակի և ուժային այլ կառույցների սպաներ են: Այս զեկույցը ներառում է միայն բաց աղբյուրների միջոցով նույնականացվածներին: Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:

Լրագրողները թարմացված տվյալները հրապարակել են Ռուսաստանում զորահավաքի հայտարարման չորրորդ տարեդարձի առթիվ: Վերջին երկու շաբաթների ընթացքում զոհերի ցուցակին ավելացել է ավելի քան 10,000 նոր անուն՝ չնայած սովորաբար ավելանում է մոտ 5000-6000-ը:

Mediazona-ն պարզաբանում է, որ այս աճը պայմանավորված չէ մահացությունների թվի կտրուկ աճով, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիերի փոխանակման ցուցակներից արտահոսած անունների ավելացմամբ, որոնք հաստատվել են գրանցամատյանների միջոցով։

BBC-ն և Mediazona-ն նաև հրապարակում են մահացածների բաց տվյալների բազան, որտեղ նշված են զինվորների անունները, զորակոչի վայրը, զինվորական կոչումը, ինչպես նաև մահվան ամսաթիվն ու վայրը։

Սեպտեմբերի 21-ին լրացել է չորրորդ տարին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի պատերազմի համար տղամարդկանց, այսպես կոչված, մասնակի զորահավաքի մասին: Չնայած զորահավաքով պայմանավորված զորակոչ ներկայումս չի իրականացվում, պաշտոնապես զորահավաքը շարունակվում է, այն չեղյալ համարելու վերաբերյալ նախագահը հրամանագիր դեռևս չի տվել:

Համապատասխանաբար, չորս տարի առաջ բանակ զորակոչվածները նույնպես չեն զորացրվել։ Ըստ լրագրողների, զորակոչվածներից ավելի քան 20,000-ը մահացել է: Զորակոչվածների պաշտոնական թիվը 300,000 է։

Mediazona-ն և BBC-ի ռուսական ծառայությունը մահացածների թիվը հաշվարկում են բաց աղբյուրների հիման վրա՝ տեղական լրատվամիջոցների հրապարակումներ, քաղաքային և գյուղական վարչակազմերի հաղորդագրություններ, հարազատների սոցիալական ցանցերի գրառումներ և գերեզմանատների տվյալներ:

Նրանք նշում են, որ ռուսական կողմի իրական կորուստները կարող են ավելի բարձր լինել, քան իրենց տրամադրած թվերը: Հետազոտողները գնահատում են, որ իրենց տվյալները կարող են կազմել իրական մահացածների թվի 45%-ից 65%-ը: Ռուսաստանի իշխանությունները չեն հրապարակում զոհերի պաշտոնական վիճակագրություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

14 տարվա ազատազրկում՝ ռուս զինվորների գերեզմանների լուսանկարներն Ուկրաինային փոխանցելու համարՌուսաստանը և Ուկրաինան հարվածել են միմյանց. կան զոհեր և վիրավորներՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սևաստոպոլում 15-ամյա աղջիկ է զոհվելԶոհեր՝ ռուսական հարվածներից. ուկրաինական զինուժը թիրախավորել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը