ՌԴ Յարոսլավլի մարզային դատարանը տեղի 48-ամյա բնակիչ Նիկոլայ Շչերբակովին 14 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի բանտային գաղութում՝ պետական դավաճանության մեղադրանքով, հաղորդում է Mediazona-ն։
Շչերբակովի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է ծառայել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինվորների գերեզմանների «համակարգված» նկարահանումը։
«Յարոսլավլի բնակիչը հավաքված տեղեկատվությունն ակնթարթային մեսենջերների միջոցով ուղարկել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին», - պնդել է դատարանի մամուլի ծառայությունը։
Գործը դատարան է ուղարկվել հուլիսի վերջին, և Շչերբակովը, ըստ երևույթին, կալանավորվել է ձմռանը։
«Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ սա զինծառայողների գերեզմանների նկարահանման հետ կապված դավաճանության համար առաջին հայտնի դատավճիռն է:
Ըստ աղբյուրի՝ նման նկարահանումների համար ձերբակալություններն ու քրեական հետապնդումները վերջերս ավելացել են: Տոմսկի մարզում հունիսի վերջին մի քանի մարդ ձերբակալվել է:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ տեղացիներին վճարում են գերեզմանները նկարահանելու համար (մինչև 100,000 ռուբլի 400 լուսանկարի համար): Սվերդլովսկի մարզում նույնպես մի քանի մարդ ձերբակալվել է, նրան ստիպել են ներողություն խնդրել տեսախցիկի առաջ:
Իրավապաշտպանները և անկախ լրատվամիջոցներն ընդգծում են, որ վերջին ամիսներին Ռուսաստանի իշխանությունները սկսել են մարդկանց ակտիվ հետապնդել գերեզմանները լուսանկարելու համար: Այս գործունեությունը կարող է որակվել պետական դավաճանություն, եթե այդ լուսանկարները փոխանցվում են Ուկրաինա:
Կամավորները, որոնք նախկինում բնակիչներին խնդրում էին գերեզմանների լուսանկարներ ուղարկել՝ ռուսական բանակի զոհերի հաշվարկի իրականացմանն օգնելու համար, այժմ խուսափում են դրանից, նշում է աղբյուրը: