«Ռուսները նաև Հայաստանին են մեսիջներ հղում, որ՝ «հարգելիս, դու պարտավոր ես մեր շահերը հաշվի առնել». - «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ TRIPP-ին վերաբերող հայտարարությունները համարում է դիրքորոշման հստակեցում, որ «առանց Ռուսաստանի ներգրավվածության TRIPP-ի հարցը չի կարող լուծվել»:
Սերգեյ Կոպիրկինը, մի կողմից, ասել էր, թե Ռուսաստանի դիրքորոշումը կհստակեցվի, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն, մյուս կողմից՝ շտապել էր ընդգծել, որ այն կարող է ազդել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ ապրանքների անցումը կարգավորվում է նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վրա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան«Թրամփի ուղի» նախագծից դուրս մնացած ռուսների հետ, ըստ հայաստանցի պաշտոնյաների, ծրագրին նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Պողոսյանը ոչ այնքան ֆինանսական խնդիրներն է կարևորում, որքան՝ քաղաքական պայմանավորվածությունները՝ ինչ դեր է ունենալու Միացյալ Նահանգները, ինչ՝ Ռուսաստանը:
Փորձագետ Բենիամին Պողոսյան, արխիվ
«Մի բան հստակ է՝ Ռուսաստանը ցույց է տվել, որ հետխորհրդային տարածաշրջանում եթե ինչ-որ բաներ, ըստ Ռուսաստանի, հակասում են իր կենսական շահերին, ապա նա պատրաստ է գնալ ամենակոշտ միջոցների՝ ընդհուպ մինչև զինված ուժի կիրառում, որպեսզի նման զարգացումներ թույլ չտա: Իմ գնահատմամբ՝ դա լիովին տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ադրբեջանի, ընդհանուր Հարավային Կովկասի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ այժմ դե ֆակտո և դե յուրե բաժնետերերի ցանկն է ձևավորվում, ու քանի որ Ռուսաստանը հավակնորդներից մեկն է, հիշեցնում է իր մասին: Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանը որպես երրորդ կողմ ուզում է մասնակցել:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ
«Ռուսաստանը առնվազն հավակնելու է երկաթուղու հավատարմագրային կառավարման իրավունքին, քանի որ Հայաստանի երկաթուղին հավատարմագրային կառավարման ենթարկելու իրավունքը առանց այդ էլ «Ռուսական երկաթուղիներ»-ին է պատկանում մինչև 2038 թվականը: Իհարկե. պաշտոնական Երևանը նաև ակնարկել է, որ այդ իրավունքը չի ներառում Մեղրու երկաթուղին, որովհետև Մեղրու երկաթուղի չի եղել, երբ 2008-ին Ռուսաստանին տրվել է այդպիսի իրավունք, բայց այստեղ, ես կարծում եմ, առնվազն լինելու է ինչ-որ քննարկման դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Ադրբեջանն էլ փորձելու է ինչ-որ սեփականության իրավունքի մասին խոսել՝ հղում անելով խորհրդային շրջանին, թե իրեն է պատկանել Մեղրու երկաթուղու սեփականությունը: Եվ սա ևս հայտ է, որով Բաքուն ինքն էլ փորձելու է իրավական նեգրավվածություն ունենալ այդ ճանապարհի հարցում: Իհարկե, դրա մասին խոսում են առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, բայց մենք նաև հասկանում ենք, որ Ադրբեջանում այդտեղ բաժանումները զուտ պայմանական են»:
Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող ճանապարհի անցման դետալները դեռ հայտնի չեն:
Հայաստանով անցնող TRIPP-ը կյանքի կոչելու համար, ըստ պայմանավորվածությունների, Երևանն աշխատելու է Վաշինգտոնի, ինչպես նաև՝ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ:
Հռչակագրի ստորագրումից հինգ ամիս անց Երևանն ու Վաշինգտոնը նոր-նոր սկսել են համատեղ աշխատել իրավական ձևակերպումների վրա:
Ռուսները միայն հինգ ամիս անց ակտիվացան, մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների վարչության տնօրենն ասել էր, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին», շեշտել էր, թե Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ԱԳՆ․ «Թրամփի ուղին» առանց Ռուսաստանի չի աշխատի»Ինչո՞ւ վաշինգտոնյան պայմանավորվածությունների առաջին ամիսներին Մոսկվան առավել առարկայական չէր արձագանքում:
Բենիամին Պողոսյանը կարծում է՝ ռուսների համար պարզ չէր՝ ինչ է TRIPP-ը, գուցե մտածում էին՝ կարող է կյանքի չկոչվել, ուստի՝ ինչո՞ւ արձագանքել: Բացի այդ, վաշինգտոնյան պայմանավորվածությունները համընկան նաև Ուկրաինայի հարցով ակտիվ բանակցային փուլի հետ: Քաղաքագետի համոզմամբ՝ Հարավային Կովկասի հարցով քննարկումներին ռուսներն ու ամերիկացիները դեռ չեն հասել, բայց այդ պահը գալու է:
Հակոբ Բադալյանի կարծիքով, հակառակը՝ Կովկասի թեման արդեն քննարկվել է, և Վաշինգտոնը «Թրամփի ուղուն» Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ այս փուլում ռազմավարական անհամաձայնություն չունի, ինչը չի նշանակում, որ ռուս-ամերիկյան մեծ գործարքի ընթացքում դրանք չեն կարող ի հայտ գալ:
Հայաստանի վարչապետի կանխատեսմամբ՝ TRIPP-ի շինարարությունը Սյունիքում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար. Թրամփի ուղու շինարարությունը «կսկսվի 2026-ի երկրորդ կեսին»«Եվ տարբերակներից մեկը՝ որ կլինի ընդհանուր պայմանավորվածություն ռուս-ամերիկյան՝ Հարավային Կովկասի վերաբերյալ, որը այս կամ այն չափով երկու կողմերին էլ կբավարարի, որից հետո, այսպես ասենք, այդ պայմանավորվածությունը արդեն կներկայացվի Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային: Տարբերակ համար 2՝ եթե ռուսներն ու ամերիկացիները չեն պայմանավորվում, այդ դեպքում մենք պետք է սպասենք մինչև 2026 թվականի երկրորդ կես, Ռուսաստանը տեսնի՝ կոնկրետ ինչ է տեղի ունենում, և եթե նորից գտնի, որ այն, ինչ գետնի վրա տեղի է ունենում, իր կենսական շահերին հակասում է, և միևնույն ժամանակ տարբեր պատճառներով, այդ թվում նաև այլ կարևոր հարցերի առկայության պայմաններում, հնարավոր չի ամերիկացիների հետ այդ հարցերը քննարկել և ինչ-որ փոխընդունելի լուծումների գալ, ապա վախենամ, որ մեզ լավ ժամանակներ չեն սպասվում», - ասաց Բենիամին Պողոսյանը: