Մատչելիության հղումներ

«Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վրա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան


Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, արխւվ
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, արխւվ

«Ռուսաստանը հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին», - «Նոև Կովչեգ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ առայժմ հայտնի է միայն նախագծի անվանումը, իսկ գործնական քայլերի մասին տեղեկություններ չկան։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կհստակեցվի, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն՝ ընդգծելով, որ այն կարող է ազդել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ։

Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սակայն այդ գործընթացները պետք է հիմնված լինեն 2020–2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա և հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների շահերը։

Դեսպանը նաև անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին՝ նշելով, որ Մոսկվայում նկատում են Երևանի եվրոպական ուղղությամբ քայլերը, սակայն կրկնել է Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ»։ Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Հայաստանը կմիանա հակառուսական պատժամիջոցներին, իսկ նման քայլերի հնարավոր տնտեսական հետևանքների մասին, Կոպիրկինի գնահատմամբ, Եվրամիությունում բավարար չափով չեն մտածում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG