Ռուսաստանը մայիսի տվյալներով մնում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը

Հայկական բեռնատարները կանգնած են դեպի Ռուսաստան ճանապարհին, մայիս, 2026թ.

Չնայած Ռուսաստանի շուկա մուտքի սահմանափակումներին, երկու երկրների լարված հարաբերություններին, տնտեսական սպառնալիքներին ու Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիությանը մոտենալու ձգտումներին, Ռուսաստանը այս տարվա մայիսի տվյալներով շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը. 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ամբողջ աշխարհի հետ շուրջ 7.9 միլիարդ դոլար է կազմել, որի 28 տոկոսը՝ գրեթե 2.2 միլիարդ դոլարը Ռուսաստանի հետ շրջանառությունն է: Վիճակագրական կոմիտեն այսօր է հրապարակել ցուցանիշները:

Ըստ այդ տվյալների՝ թեև Ռուսաստանն առևտրային գործընկերների շարքում առաջինն է, այդ երկրի մասնաբաժինը մեծ տեմպերով նվազում է. անցած տարի նույն ժամանակահատվածում երկու երկրները շուրջ 600 միլիոն դոլարով ավելի շատ առևտուր էին արել՝ ընդհանուրի 35.1 տոկոսը;

«Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում: Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը թեև աճում է, սակայն Ռուսաստանի հետ առևտրի նվազման բացն ամբողջությամբ չի լրացնում: Այս տարվա առաջին հինգ ամիսներին Եվրամիության բոլոր երկրների հետ Հայաստանը շուրջ 1.4 միլիարդ դոլարի առևտուր է արել. սա ընդհանուրի շուրջ 17 տոկոսն է:

Անցած տարի նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրների հետ շրջանառությունը 420 միլիոն դոլարով ավելի քիչ էր, կամ ընդհանուրի շուրջ 12 տոկոսը:

Ընդ որում՝ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ոչ թե Հայաստանից Ռուսաստան մեկ միլիարդ դոլարն անցնող արտահանումն է կտրուկ նվազել, այլ՝ ներկրումը, չնայած Մոսկվան այժմ հենց հայկական ապրանքների մուտքն է Ռուսաստան արգելում՝ գյուղմթերքից մինչև ալկոհոլային խմիչք, ձկներից մինչև ծաղիկներ ու հանքային ջուր:

Ռուսական սահմանափակումների ազդեցությունը Հայաստանից արտահանման վրա կերևա արդեն հաջորդ ամիսների վիճակագրությամբ՝ հենց բերքահավաքի այս ակտիվ շրջանում արգելքներ դրեցին:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից մատակարարումները նվազել են ավելի քան 30 տոկոսով: Այս տարվա հունվար-մայիսին 2025-ի համեմատ ավելի քան 500 միլիոն դոլար ընդհանուր գնով պակաս ռուսական արտադրանք է Հայաստանի շուկա մտել: Թե հատկապես որ ապրանքների ներկրումն է այսչափ նվազել, պարզ կլինի ավելի ուշ, երբ Պետական եկամուտների կոմիտեն ավելի մանրամասն տվյալներ հրապարակի:

Եվրամիության հետ առևտրի աճի հիմնական շարժիչ ուժը, մինչդեռ, Հայաստանից արտահանումն է. արդեն ավելի քան 450 միլիոն դոլարի հայկական ապրանք է ԵՄ երկրներ հասել՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ներկրումներն ավելացել են գրեթե 30 տոկոսով՝ կազմելով շուրջ 900 հարյուր միլիոն դոլար:

Հայաստան սեփական արտադրանքն արտահանելու վիճակագրությամբ Եվրամիության երկրները մոտենում են առաջատար Ռուսաստանի մատարարումների ծավալին՝ շուրջ 900 հարյուր միլիոն դոլար՝ մի կողմից, գրեթե 1.2 միլիարդ՝ մյուսից: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Եվրամիությունից մատակարարումները Ռուսաստանից ներկրումների ծավալներից քիչ էին ավելի քան մեկ միլիարդ դոլարով:

Հայաստանից արտահանումներն աճել են հատկապես դեպի Բուլղարիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ավստրիա, Լեհաստան, մի շարք այլ երկրների հետ նույնպես առևտուրն ընդլայնվել է, սակայն, օրինակ Հայաստանի գլխավոր քաղաքական գործընկերներից Ֆրանսիա հայկական ապրանքների արտահանումը ոչ մի միայն չի աճել, այլև նույնիսկ նվազել է:

Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Ֆրանսիա չի մտել նույնիսկ 2.5 միլիոն դոլարի հայկական ապրանք, փոխարենը՝ Ֆրանսիան արդեն ավելի քան 100 միլիոն դոլարի ապրանք է Հայաստան արտահանել՝ գրեթե 100 տոկոսանոց բացասական հաշվեշիռ:

Հայկական արտադրանքով ֆրանսիացիներից էլ քիչ հետաքրքրվող երկրներ կան Եվրամիությունում. այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող Պորտուգալիա 50 հազար դոլարից էլ պակաս ընդհանուր գնով ապրանք են արտահանել:

Նաև Բելառուսի իշխանությունների հետ պաշտոնական Երևանի լարված հարաբերությունները չեն խանգարել այդ երկրի հետ առևտրաշրջանառությունն այս տարի ընդլայնելու համար. հունվար-մայիս ամիսներին հայկական շուկա ավելի քան 40 միլիոն դոլարի բելառուսական ապրանք է մտել՝ գրեթե 53 տոկոսով ավելի շատ, քան 2025-ի նույն ժամանկահատվածում: Բելառուսն, իր հերթին, գրեթե 50 միլիոն դոլարի հայկական արտադրանք է ներկրել:

Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների՝ Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը շատ ավելի փոքր է, ավելի քիչ, քան, օրինակ, Բելգիայի ու Նիդերլանդների հետ առևտրի ծավալներն են:

«Մենք հընթացս պատրաստվել ենք նաև, որ տարբեր ուղղություններով մենք դիվերսիֆիկացիա իրականացնենք: Հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ, և այլն, և էդպես շարունակ», - ասում է Նիկոլ Փաշինյանը:

Չնայած Հայաստանից արտահանումների աշխարհագրությունն ընդլայնելու ու բազմազանեցնելու իշխանությունների հայտարարություններին՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Ռուսաստանից ու Եվրամիության երկրներից դուրս՝ այլ բազմաթիվ ուղղություններով հայկական արտադրանքի արտահանման ծավալները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս տարի գրեթե 8 միլիոն դոլարի ավելի քիչ ապրանք են արտահանել՝ ընդհանուր շուրջ 16 միլիոն դոլարի: Անգամ հարևան Իրան ու Վրաստան այս հունվար-մայիսին ավելի քիչ ապրանք են տեղափոխել, քան անցած տարի: Հայաստանը դեռ որևէ ապրանք չի արտահանել նաև Ադրբեջան, թեև այդ երկրից այս տարի արդեն ավելի քան 10 միլիոն դոլարի ներկրումներ է իրականացրել՝ հիմնականում վառելիք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միշուստին-Փաշինյան հանդիպում՝ առաջինը հայաստանյան ընտրություններից հետո324 ապրանքախումբ՝ առանց մաքսատուրքի. ինչ կշահի Հայաստանը Բրյուսելի առաջարկիցԲրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելԼրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին. Լայեն«Նոր ստանդարտից մինչև նոր շուկա եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա»Կառավարությունը սուբսիդիա է տրամադրում նաև կեռաս արտահանողներին. ֆերմերը դժգոհում է«Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». Փաշինյան«Բոնժուղ մսյո. հետո ո՞նց ասեմ՝ ծաղիկ ունեմ»․ փոքր ջերմոցատերերը նոր գնորդ են փնտրումԿոս․ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵվրամիությունՀայկական ծնեբեկը՝ Սինգապուրի շուկայումՌուսաստանում մուտքի արգելքի վերացումն էլ հայ բեռնափոխադրողների խնդիրը չի լուծում ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն է տրամադրումՌուսական սահմանափակումներից հետո ԵՄ-ն ՀՀ-ի համար առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում. FTՀայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունենԵրևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում