Ռուսաստանը հաշվետվություն է պահանջել. Հայաստանը ներկայացրե՞լ է ԵԱՏՄ պահանջների կատարման ծրագիրը

Ռուսաստանը Հայաստանից պահանջում է ներկայացնել սանիտարական ստուգումների արդյունքներն ու հստակ ծրագիր՝ ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջների պահպանման համար։

Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից։

Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փաստաթղթերով ցույց տա, թե ինչ ստուգումներ է իրականացրել, ինչ խախտումներ է հայտնաբերել, ինչ է արել դրանք վերացնելու համար և ինչ համակարգով է հետագայում ապահովելու ԵԱՏՄ պահանջների կատարումը։ Ներկայացրե՞լ է արդյոք հայկական կողմն այդ հաշվետվությունը: Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը միայն ասաց.

«Նախարար Գևորգ Պապոյանը վերջերս Ալմաթիում հանդիպել էր ռուս գործընկերոջը՝ գյուղատնտեսության նախարարին և այնտեղ կրկին բարձրաձայնվել էր այս հարցը՝ սահմանափակումների վերացման վերաբերյալ, համատեղ որոշվել էր, որ երկու գործընկեր կառույցների՝ ՀՀ ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունն ավելի սերտ և ինտենսիվ լինի: Ենթադրում եմ, որ այս հայտարարությունն արդեն դրան հաջորդող հայտարարություն է, մնացած հարցերով պետք է խնդրեմ դիմել ՍԱՏՄ-ին»:

Որպես վերահսկող մարմին՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է ապահովի, որ պայմանավորված պահանջները գործնականում իրականացվեն: Տեսչական մարմնից ողջ օրը չարձագանքեցին՝ հայկական գյուղմթերքի անվտանգության վերաբերյալ իրականացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված խնդիրների և մյուս պահանջների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրե՞լ են «Ռոսսելխոզնադզոր»-ին, իսկ եթե ոչ՝ ապա պատրաստվո՞ւմ են դա անել:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական գյուղմթերքի մատակարարումները նախկին ծավալներով վերականգնելու կարևոր պայմաններն են արտադրանքի անվտանգության ապահովումը, հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, մատակարարումների հետագծելիությունը և ԵԱՏՄ պարտադիր պահանջների պահպանումը։ Ռուսաստանը Հայաստանից այս հաշվետվությունը պահանջում է վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Ալմաթի այցից հետո։ Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել էին Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումները:

«Մենք չպետք է զրոյացնենք այս գործընթացը, և ԵԱՏՄ-ի համար սա լավ հնարավորություն է՝ միասին աշխատելու միության գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական սահմանափակումներից մինչև վիզաներ․ բեռնափոխադրողները կառավարության լուծումներին են սպասում

ՍԱՏՄ-ն նաև պետք է հստակեցնի, թե ինչպես են վերահսկելու օրինակ՝ թունաքիմիկատների օգտագործումը, արտադրության մեջ կիրառվող հումքի ծագումն ու ապրանքի ամբողջ ճանապարհը՝ արտադրողից մինչև արտահանող: Ի դեպ, Հայաստանի օրենսդրությունն արդեն նախատեսում է այսպիսի վերահսկողություն, հատկապես բուսական արտադրանքն արտահանելուց առաջ ստուգվում է դրա համապատասխանությունը և միայն դրանից հետո է տրվում անհրաժեշտ սերտիֆիկատը: Ու չնայած դրան, ռուսական կողմը չէր ընդունում այդ սերտիֆիկատները՝ հայտարարելով խախտումների մասին: Հայկական բեռները Ռուսաստան տեղափոխող բեռնատարների վարորդներն են առաջինն այդ մերժում ստանում՝ հենց սահմանին: Նրանք համոզված են՝ սա քաղաքական որոշում է: Պնդում են՝ Ռուսաստանն այդկերպ պատժում է Հայաստանին՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը չկատարելու համար։

«Էս ամեն ինչը մեզ նախազգուշացում է, թե ինչ կսպասվի մեզ՝ այլ տարբերակ ընտրելու դեպքում», «Երբ Հայաստանում ինչ-որ բան իրենց դուրը չի գալիս, այդ դեպքում է հիմնականում խոչընդտոներ լինում բեռնափոխադրողների հետ կապված»,- «Ազատության» հետ զրույցում ասում են բեռնատարների վարորդները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը վերահաստատեց Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին, կրկին բացառեց ԵՄ հարցով հանրաքվեն

Շաբաթներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ մյուս չորս անդամներին՝ Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախաստանին ու Ղրղըզտանին կոչ էր արել «չտորպեդահարել» Հայաստանի շուկաները դիվերսիֆիկացնելու ձգտումը՝ ընդգծելով, որ դա բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն Հայաստանի վրա.

«Շատ կարևոր է հասկանալ, որ առանց հիմնարար սկզբունքների իրականացման հնարավորության ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամում։ Որովհետև այն, ինչ այժմ տեղի է ունենում հայկական ապրանքների հետ կապված, իհարկե, խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց դա նաև մեծ խնդիր է ԵԱՏՄ-ի համար։ Գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Եթե սկզբունքները չեն աշխատում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չի աշխատում»,- հայտարարել էր Փաշինյանը:

Գարնանը Երևանում անցկացված եվրոպական երկու գագաթնաժողովներից հետո, որոնցից մեկին մասնակցել էր նաև Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանը սկսեց սահմանափակել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնեղենի, խմիչքների, կաթնամթերքի ու ծաղիների ներմուծումը:

Արդյո՞ք Մոսկվան պատրաստվում է կրկին բացել իր շուկան հայկական ապրանքների համար, պարզ կդառնա Հայաստանի ներկայացրած հաշվետվությունից հետո։ Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Երևանը և ընդհանապես արդյոք պատրաստվում է ներկայացնել այդ հաշվետությունը, դեռ հստակ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունը հերթական փոխհատուցումը կհատկացնի արտանահողներին՝ ավելի քան 5 միլիարդ դրամ 450 միլիոն դրամ աջակցություն՝ ձկնաբույծներին. կլուծի՞ ոլորտի խնդիրներըՌուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա Կաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»Կառավարությունում ընդունել են բողոքող բեռնափոխադրողներին․ նրանք դեռ պատասխանների են սպասումԲողոքի ակցիայից հետո ձկնաբույծներին ընդունել է էկոնոմիկայի փոխնախարարը․ ի՞նչ են քննարկել«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է». Փաշինյան