Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանից ներմուծումների բուսասանիտարական վերահսկողությունը

Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարները կայանված են հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում, արխիվ

Ռուսաստանը հայտարարում է, թե ուժեղացրել է Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը պատրաստվում է ստուգել մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով», - հայտնել է ծառայությունը՝ ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի բանակցություններից հետո։

«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ կարմրախայտը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ապրանքին, անբնականորեն ծանր էր կշռում՝ ավելի քան 5.5 կգ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը սաղմոնների ընտանիքից էր կամ այլ տեսակի կարմրախայտ», - հայտարարել է ռուսական վերահսկող մարմինը, ընդգծելով, որ սաղմոնի բուծումն ու վաճառքը որպես կանոն գալիս է եվրոպական երկրներից և ենթակա է սահմանափակումների։

«Բացի այդ, իրական հայկական արտադրանքի ներմուծման և ֆիտոսանիտարական տեսանկյունից անվտանգ արտադրանքի ներմուծման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից հայաստանյան ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու մասին», - հայտարարում է ռուսական կողմը՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ վերջին շրջանում «Հայաստանից ներմուծվող արտադրանքում ավելի հաճախ են հայտնաբերվում արգելված օրգանիզմներ»։

«Հայաստանից կարանտինային արտադրանք արտահանողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը», - հայտարարում է«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ հավելելով, թե հայկական կողմը զրույցի ընթացքում ընդունել է, որ «դժվար է իրականացնել ապրանքների հետագծելիությունը, ինչպես նաև բուսասանիտարական վերահսկողությունը»:

«Սա վկայում է հանրապետության իրավասու մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և նաև անվստահություն է առաջացնում «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Ռուսաստան արտահանվող արտադրանքի հավաստագրման համակարգի նկատմամբ», - հայտարարել է ռուսական մարմինը։

Վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ծագում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքաշրջանառությունում, դրանք համընկնում են երկու երկրների միջև հարաբերություններում լարվածությանը՝ կապված Հայաստան-Եվրամիություն կապերի սերտացման հետ: Նախօրեին, մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարել, թե Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները, փոխվարչապետն էլ ասել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ տվյալ շրջանում մտադիր չէ լքել Եվրասիական տնտեսական միությունը և Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի, ծագած խնդիրներն էլ ընթացիկ խնդիրներ են, որոնք լուծվում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը վտանգում է կորցնել բոլոր օգուտները ԵԱՏՄ շրջանակում. ԼավրովԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում էԻ՞նչ կտան հայաստանյան լաբորատոր ստուգումները, եթե «Ջերմուկ»-ի խնդիրները ծագել են ՌուսաստանումՊուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներՄոսկվայի կոշտ արձագանքը՝ եվրոպացի առաջնորդների երևանյան այցերից հետոԻ՞նչ է պահանջում Ռուսաստանը՝ Wildberries-ում և Оzon-ում ապրանք վաճառող տնտեսվարողներիցՌուսաստանում «Ջերմուկ»-ի արգելքն ու վաճառողների նոր խնդիրները Wildberries-ում և Ozon-ում700 ջերմոցից միայն 26-ն են արտահանման թույլտվություն ստացել. արտադրողներն ասում են՝ դաշտը մնում է խոշորներինԾաղկեգործները շարունակում են բողոքել. «Մինչև ստուգեն, քննարկեն, միլիոնների ծաղիկներ կկորցնենք»«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից բուսական արտադրանքի ներմուծման խախտումների աճ է արձանագրել