Այսօրվանից Ռուսաստան հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է հերթական աշխատանքային իրավիճակ:
Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, նախօրեին հայտնեց՝ Հայաստանից ծաղիկների ներմուծումը ժամանակավորապես կսահմանափակվի: Արդեն այսօր մանրամասնեցին՝ արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը:
«Հարց է ծագում՝ այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանո՞վ են իրոք էդ վարդերն արտադրվում Հայաստանում: Հիմա պատվիրակություն է եկել, դա միայն Հայաստանի համար չի, այդպիսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որովհետև երկրները հարցեր են բարձրացնում: Սա հերթական աշխատանքային իրավիճակն է», - նշեց Փաշինյանը:
Հայաստանից ծաղկի արտահանումը վերջին տարիներին էականորեն աճել է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, ծաղկի արտահանումը վերջին հինգ տարվա կտրվածքով աճել է 7 անգամ՝ 7.4 մլն դոլարից հասնելով ավելի քան 53 միլիոնին։ Ռուսաստանը հայկական ծաղիկների հիմնական գնորդն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց, թե նման սահմանափակումներ միշտ էլ եղել են ու կլինեն, եթե պարզվի, որ ապրանքը չի համապատասխանում ստանդարտներին:
«Վերջին ութ տարիներին նման իրավիճակներ տասնյակ անգամներ են եղել, ընդ որում՝ ոչ միայն ֆիտոսանիտարական, ուրիշ խնդիրներ ևս եղել են կապված այլ ապրանքների հետ: Մենք ԵԱՏՄ նիստերում անընդհատ այդ հարցերը քննարկում ենք, թե ինչքանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն, արտահանվում, ներկրվում են որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք», - նշեց Փաշինյանը:
Ռուս մասնագետների ժամանման մասին հայկական կողմը հայտնեց երեկ: Նրանք ստուգումներ են անցկացնում հայաստանյան ջերմոցներում: Մինչև այդ ներկայացրել են արձանագրված խախտումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ«Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77 տոկոսն է», - ասված է հայտարարությունում:
Արդեն այսօր «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի»-ի եթերում հայտարարել է՝ Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով:
Դեպի Ռուսաստան արտահանումների հետ կապված այս խնդիրները ուղեկցվում են նաև Մոսկվայից հնչող քաղաքական կոշտ հայտարարություններով: Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր ռուս բարձրաստիճան պաշտոնյաները և՛ Հայաստանի տնտեսական օգուտներն են մատնացույց անում, և՛ հիշեցնում այնտեղ աշխատող հայ միգրանտների մասին: Լրագրողները Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին Ռուսաստանում ապրող հայերի մտահոգությունները, թե նրանց կարող են արտաքսել: Այս հարցում էլ պարզվեց վարչապետը ոչ մի նոր խնդիր չի տեսնում:
«Եթե մարդն ապօրինի հիմքով է գտնվում ուրիշ երկրի տարածքում, մեքն դեպորտ չեն անի՞, բոլոր երկրներն էլ անում են: Այսինքն՝ ի՞նչ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, որ ինչ-որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքո՞ւմ, ի՞նչ տրամաբանություն է, թող օրինական գտնվեն երկրների տարածքում: Օրինական գտնվող մարդուն չեն կարող դեպորտ անել, անօրինականին ոչ միայն կարող են, այլև պարտավոր են դեպրոտ անել», - նշեց Փաշինյանը:
Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև: Ինչից հետո պարզ դարձավ, որ հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը: Թե սա կոնկրետ ի՞նչ է ենթադրում, չեն մանրամասնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն, անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ, ուրիշ процедура չկա: Բայց մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել, ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք», - նշեց Փաշինյանը:
Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, դարձյալ պնդեց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում:
«Ասվում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներենք, իսկ ինչո՞ւ չպիտի գար Հայաստան, ինչի որ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան: Եղե՞լ է դեպք, որ մենք ասենք՝ ինչի՞ է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի պաշտոնյաները կարծում են՝ Ռուսաստանից, այդուհանդերձ, կտրուկ գործողությունների չեն գնա, բայց եթե անգամ լինի՝ էկոնոմիկայի նախարարը երեկ պնդում էր, թե Հայաստանը դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ ունի, որպես օրինակ նշում ցորենը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ադրբեջանի տարածքով Հայաստան մտող ղազախական ցորենը, որը ծավալներով շարունակում է ռուսականին էականորեն զիջել: