Ռուսական սահմանափակումների ֆոնին՝ նախատեսվում է շաբաթական 40 տոննայի արտահանում՝ ԱՄԷ

Շուրջ երկու շաբաթ է անցել, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի հստակեցնում՝ հայկական կողմը ներկայացրել է Մոսկվայի պահանջած հաշվետվություններն ու գործողությունների ծրագիրը։

Հայկական ապրանքների նկատմամբ կոշտ սահմանափակումներ կիրառած «Ռոսսելխոզնադզոր»-ը մասնավորապես ուզում է իմանալ, թե ՍԱՏՄ-ն ի՞նչ ստուգումներ է արել, ի՞նչ խախտումներ է հայտնաբերել, ինչպես է դրանք շտկելու և հետագայում պահելու ԵԱՏՄ ստանդարտները։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ամենօրյա կապի մեջ են «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետների հետ, աշխատանքային քննարկումները անընդհատ են, դրանք շարունակվում են, երբ ամբողջապես կամփոփվեն, մենք բնականաբար դրանց մասին հրապարակում կանենք»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

«Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունից օրեր անց վարչապետ Փաշինյանն ասել էր, եթե ռուս գործընկերները կասկածներ ունեն, Հայաստանը նրանց հրավիրում է տեղում ծանոթանալ իրավիճակին։ Այդպես էլ չհստակեցնելով՝ Երևանն առհասարակ պատրաստվու՞մ է Մոսկվայի պահանջները կատարել։

«Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն՝ եթե հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոս բացվի, միևնույն է մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա»,- հայտարարել էր վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն ՀՀ-ից հաշվետվություն է պահանջում, Փաշինյանը նրանց Հայաստան է հրավիրում․ «Այս ամենը կավարտվի ՀՀ շուկայի դիվերսիֆիկացմամբ»

Մինչ Ռուսաստանն առայժմ փակ է պահում իր շուկան հայկական գյուղմթերքի համար, Հայաստանի կառավարությունը տարբեր կարճաժամկետ ծրագրերով աջակցում է արտահանողներին և հայտարարում շուկաների դիվերսիֆիկացման մասին։ Աջակցություն է տրամադրել նաև Եվրամիությունը՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի փաթեթով։ Նախորդ շաբաթ էլ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր հայտարարել, որ սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական մինչև 40 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն արտահանել։ Ըստ նրա՝ քննարկվել են արտահանման ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրողներին Էմիրությունների դիստրիբյուտորների հետ կապելու հարցերը։

Հայաստանի խոշոր արտահանողներից Smart Agro Solutions-ի հիմնադիր Աշոտ Գրիգորյանը, որ այս սահմանափակումների ընթացքում օգտվել է նաև պետական աջակցությունից, դրական է համարում նաև այս նորությունը։

Տափակ դեղձի ու սալորի շուրջ 600 հեկտար ինտենսիվ այգիներից բացի՝ ընկերությունը նաև բերքի տեսակավորման, սառեցման և արտահանման լոգիստիկ և փաթեթավորման կենտրոն ունի։ Գրիգորյանին հարցրինք՝ Արաբական Միացյալ Էմիրություններն արտահանման համար որպես ուղղություն կդիտարկե՞ք.

«Արաբական երկրներ արտահանելը շատ լավ ազդեցություն է ունենալու։ Ճիշտ է, քանակներն այս պահին դեռ ոգեշնչող չեն, բայց միանշանակ ուղղությունը շատ լավն է։ Արաբական երկրները ոչ բոլորն են լավ շուկա, մատակարարումը դժվար է լոգիստիկ առումով ու գներն էլ այդքան բարձր չեն, որ կարողանանք տեղավորվել։ Ես եթե ուզում եմ հինգ ֆուռ ուղարկեմ միայն տափակ դեղձ, դա հնարավոր չի լինում, որովհետև իրենք ուզում են, որ մի ֆուռի մեջ տարբեր տեսակի ապրանքներ լինեն։ Իրենց շուկաները մի սուպերմարկետի պարագայում այդքան պահանջարկ չունեն, որպեսզի մի տեսակ այդքան մեծ քանակությամբ միանգամից ընդունեն»,- Գրիգորյանն ասում է՝ առանց պետական աջակցության, ինչպես շատերի, այնպես էլ իրենց գործունեությունը կարող էր կաթվածահար լինել։ Սակայն ընդգծում է, որ այդ աջակցությունը կարճաժամկետ է, իսկ նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ծրագրեր։

Ընկերությունը նաև Եվրոպական երկրներ է արտահանում իրականացնում, բայց այս պահին որպես հիմնական ուղղություն Ուկրաինան է դիտարկել, որտեղ, սակայն, խնդիրներ կան՝ առաջին հերթին լոգիստիկ.

«Ռուսաստանին փոխարինող հիմնական ուղղությունը Ուկրաինան է, որը շատ բարդ ուղղություն է, օրինակ՝ մենք դեպքեր ենք ունեցել, որ մեր մեքենան դեղձով լցված գնալուց է եղել, Ուկրաինայում կանգնացրել են վարորդին, հանել են մեջից ու տարել են պատերազմ»,- պատմում է Աշոտ Գրիգորյանը։

Չնայած Բրյուսելի պատրաստակամությանը, արտահանողների ու փոխադրողների մի մասն ասում է՝ Եվրոպական շուկա մտնելը հեշտ չէ, ժամանակ ու լրացուցիչ ծախսեր են հարկավոր։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական մինչև 40 տոննա միրգ- բանջարեղեն արտահանելու մասին նախարարության հայտարարությունը բեռնափոխադրողներին առանձնապես չի ոգևորել։ Նրանք այս ողջ ընթացքում հայտարարում էին, որ դուրս են մնում արտահանման շղթայից, որովհետև չլուծված բազմաթիվ խնդիրների հետ միայնակ են մնացել։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է․

«40 տոննան դա ոչ մի բան է, դա ընդամենը երկու բեռնատարի մասին է խոսքը։ Դրանք մեկ կաթիլ ջուր են օվկիանոսի ռուսական շուկայից հետո, այս բոլոր հայտարարություններին ես անլուրջ եմ վերաբերվում։ Արաբական երկիր հայ բեռնափոխադրողը չի գնա, որովհետև դա ձեռնտու ուղղություն չի, դա գնալու է պարսկական մեքենաներով»,- նշում է «Ազատության» զրուցակիցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր աջակցություն՝ դեղձի և թզի իրացման համարՌուսաստանը հաշվետվություն է պահանջել. Հայաստանը ներկայացրե՞լ է ԵԱՏՄ պահանջների կատարման ծրագիրըՌուսական սահմանափակումների ֆոնին ի՞նչ ցուցանիշներ կան գյուղատնտեսությունումԿառավարությունը հերթական փոխհատուցումը կհատկացնի արտանահողներին՝ ավելի քան 5 միլիարդ դրամ Ռուսական սահմանափակումներից մինչև վիզաներ․ բեռնափոխադրողները կառավարության լուծումներին են սպասումՄատվիենկոն հայտնել է. «ՌԴ քաղաքացիների ձերբակալման պատճառով, Մոսկվան իր զբոսաշրջիկներին կարող է խորհուրդ տալ չայցելել Հայաստան»Կաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»