Ռուսական սահմանափակումների ֆոնին ի՞նչ ցուցանիշներ կան գյուղատնտեսությունում

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին զուգահեռ վերջին տարիներին փոքր քայլերով ոտքի կանգնող գյուղատնտեսության ցուցանիշներն այս տարվա առաջին կեսին դարձյալ նվազել են՝ գրեթե 12 տոկոսանոց կրճատում կա:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումները համընկել են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պտուղ-բանջարեղենի համեմամատաբար ավելի փոքր ծավալի բերքահավաքին և, գուցե, նաև այս հանգամանքն էր պատճառը, որ միրգ-բանջարեղենի ներկրման սահմանափակումներն անցած ամիսներին լուրջ ցնցումներ չառաջացրեցին: Ծիրանն, օրինակ, այդպես էլ չէժանացավ, սակայն առաջիկայում խաղողի բերքահավաքն է, դեղձն էլ նոր-նոր է հասնում: Խնդիրներն ի՞նչ մասշտաբների կհասնեն, առայժմ հնարավոր չէ ասել, բայց Արմավիրի այգեգործներն արդեն ոտքի են ելել, պնդում են՝ դեղձն իրացնել չեն կարողանում, նրանցից մեկի խոսքով.- «15 տոննա թափել եմ, վաղն արդեն կլինի 30 տոննա»:

Այգեգործներին մեկ կիլոգրամ դեղձի համար 100 դրամ են առաջարկում, News.am-ի հետ զրույցում նրանք պնդում էին՝ իրենց ամբողջ տարվա աշխատանքի համար փոքր գումար է, իսկ միրգն արդեն թափվում է ծառերից, նշում են.- «Ես երեկ պիտի հավաքեի դեղձը, չհավաքեցի, որովհետև ոչ մեկ չուզեց իմ դեղձը, ոչ մի չրագործ չի ուզում»:

Արմավիրի համայնքապետի վստահեցումները, թե գործադիրը զբաղվում է այս խնդրով այգեգործներին չեն համոզում:

Արդեն փաստ է՝ Ռուսաստանի քայլերը համընկան Հայաստանում աճած ավելի մեծ քանակի ծաղիկների հետ: Հունվար-հունիս ամիսներին գրեթե 120 միլիոն հատ ծաղիկ են հավաքել, անցած տարվա նույն ժամանակահատվածում քանակը գրեթե 9 միլիոնով պակաս էր: Լուրջ խնդիրներ ունեն նաև լոլիկ արտադրողները, վիճակագրությունը փաստում է, որ այլ շուկաներ գտնելու գործադիրի քայլերը ռուսական շուկան չեն փոխարինել: Մայիսից սկսած և՛ ծաղիկների, և՛ լոլիկի արտահանումը գումարային արտահայտությամբ ընդհուպ կրկնակի նվազել է.

Գյուղատնտեսներից մեկն ասում է.- «Հիմա ինչ ունեմ, արդեն բանկրոտ ջերմոց ա, ես բանկրոտ եմ: Պիտի մեկը լինի, որ ասի՝ ով ինչ ունի, բերեք, խնդրեմ, եղբայր, էս ապրանքդ համապատասխանում ա, որ Ռումինիա գնա էս գնով, համաձա՞յն ես»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական սահմանափակումներից մինչև վիզաներ․ բեռնափոխադրողները կառավարության լուծումներին են սպասում

Արտահանման սահմանափակումները ծաղիկների, լոլիկի գների էական նվազման են հանգեցրել: Ռուսական սահմանափակումների տակ հայտնված ապրանքներից նաև թարմ ձկան գինն է էապես նվազել: Այս հուլիսին տարեսկզբի համեմատ գնանկումը գրեթե 12 տոկոսի է հասել: Ձկնաբույծները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ու ահազանգում՝ ծանր իրավիճակում են:

Ռուսաստանն արգելել է նաև հայկական մի շարք ալկոհոլային խմիչքների ներկրումը: Այս շուկայում, սակայն, պաշտոնական վիճակագրությամբ գնանկում չի արձանագրվել: Անցնող ամիսներին դրանք նույնիսկ թանակցել են:

Չնայած այս սահմանափակումներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը: Այս տարվա առաջին կեսին Հայաստանից ընդհանուր գրեթե 3.5 միլիարդ դոլարի ապրանք են արտահանել. շուրջ 36 տոկոսը կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարը ռուսական շուկա է մտել, անցած տարվա համեմատ ծավալը նվազել է 4.2 տոկոսով:

Միայն հունիս ամսին՝ երբ Ռուսաստանի սահմանափակումներն արդեն ուժի մեջ էին, Հայաստանից գրեթե 200 միլիոն դոլարի ապրանք է ռուսական շուկա մտել: Նույն ամսում դեպի Եվրամիություն արտահանումները գրեթե 56 միլիոն դոլար են կազմել: Թեև Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալներն առայժմ զգալիորեն հետ են մնում, սակայն անցած տարիների համեմատ աճը շեշտակի է: 2025-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանումները գրեթե երկու անգամ են աճել՝ անցնելով կես միլիարդ դոլարի շեմը կամ ընդհանուրի 15 տոկոսը: Հիմնական ուղղություններն են Բուլղարիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Իտալիան: Դարձյալ գրեթե կրկնակի աճել են նաև դեպի Չինաստան արտահանման ծավալները՝ հասնելով գրեթե 530 միլիոն դոլարի կամ ընդհանուրի 15.3 տոկոսին:

Մյուս բոլոր ուղղություններով ընդհանուր հաշվարկով ոչ միայն աճ չկա, այլև ուղիղ հակառակը: Արտահանման ծավալները կրճատվել են երկնիշ տեմպերով: Նույնիսկ հարևան Վրաստան ու Իրան այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ ապրանք են արտահանել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Այսպիսով, ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանից արտահանումների ամենախոշոր ուղղությունը Ռուսաստանն է, ապա Չինաստանը, երրորդ տեղում Եվրամիությունն է:

Թե կոնկրետ որ ապրանքների արտահանման հաշվին է Ռուսաստանը շարունակում առաջին տեղում մնալ պարզ կլինի առաջիկայում, երբ Պետական եկամուտների կոմիտեն ապրանքների վերաբերյալ վիճակագրությունը հրապարակի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

450 միլիոն դրամ աջակցություն՝ ձկնաբույծներին. կլուծի՞ ոլորտի խնդիրներըԿառավարությունը հերթական փոխհատուցումը կհատկացնի արտանահողներին՝ ավելի քան 5 միլիարդ դրամ Ռուսական հերթական սանկցիաները. «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական հիմնավորում դեռ չկա Կաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ էԲողոքի ակցիայից հետո ձկնաբույծներին ընդունել է էկոնոմիկայի փոխնախարարը․ ի՞նչ են քննարկելԿառավարությունը նախատեսում է 320 մլն դոլարի նոր վարկեր վերցնել