ԱՄՆ պետքարտուղարը կասկածում է, թե պատերազմը Ուկրաինայում շուտով կավարտվի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույյթ է ունենում Մեծ քսանյակի Ատլանտայի գագաթնաժողովում, 31-ը հոկտեմբերի,, 2026թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, թե վստահ չէ՝ արդյոք հնարավոր է Ուկրաինայում պատերազմի ավարտ բանակցությունների ճանապարհով:

Եվրոպացի պաշտոնյաները, ովքեր «Ազատության» հետ խոսել են անանուն մնալու պայմանով, փոխանցել են, որ Ատլանտայում նախորդ երկու օրերին կայացած Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում մասնավոր զրույցներում պետքարտուղարը արևմտյան գործընկերներին իր կասկածներն է ներկայացրել առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնության հնարավորության վերաբերյալ:

Հանդիպման եզրափակիչ ասուլիսի ժամանակ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք, որ բանակցային ճանապարհով կարգավորումը հասանելի է՝ հաշվի առնելով Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը, Ռուբիոն արձագանքել է, թե Վաշինգտոնը դեռ փորձում է պարզել՝ արդյոք համաձայնության հնարավոր է հասնել:

«Չգիտեմ՝ արդյոք Ուկրաինայում հնարավոր է հասնել բանակցված խաղաղության: Դա է, որ մենք ձգտում ենք պարզել», - հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով. - «Ես չեմ կարծում, թե այստեղ որևիցե մեկը պնդում է, որ մենք բանակցված կարգավորման շեմին ենք»:

Մայամիի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ էլ Ռուբիոն ասել է. - «Ես նույնիսկ չգիտեմ՝ արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է գալ Մայամի: Նրանք դա չեն հայտարարել և դա չեն հաստատել»:

Եվրոպացի երեք պաշտոնյաներ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Ռուբիոն մասնավոր զրույցներում կասկած է հայտնել, թե Պուտինը կընդունի հրավերը:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հրավիրել է Ռուսաստանի նախագահին Մայամիի գագաթնաժողովին: Մոսկվան «երախտապարտ է ամերիկյան կողմին այդ հրավերի համար», սակայն մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ազատության» զրուցակիցները պատմել են նաև, որ պետքարտուղարը պաշտպանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Ատլանտա և Վլադիմիր Պուտինին Մայամի հրավիրելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշումը:

«Ինչպե՞ս կարող եք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցված կարգավորում ունենալ, եթե չունեք թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ խոսելու կարողություն», - ավելի ուշ ասել է Ռուբիոն լրագրողների հարցերին ի պատասխան:

Պետդեպարտամենտն առայժմ չի արձագանքել մեկնաբանությունների համար «Ազատության» դիմումին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիոն կասկածում է, թե պատերազմը Ուկրաինայում շուտով կավարտվիԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի նախարարների հանդիպմանը

Առավել մանրամասն տե՛ս այստեղ