«Ռոսավիացիան» սահմանափակել է թռիչքների բարձրությունը Մոսկվայի օդանավակայանների շրջանում ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Շերեմետևո միջազգային օդանավակայանը։ Արխիվ

«Ռոսավիացիան» Մոսկվայի օդանավակայանների շրջանում քաղաքացիական օդանավերի թռիչքների առավելագույն բարձրությունը 8550 մետրից նվազեցրել է մինչև 4900 մետր։ Բացի այդ, արգելվել են տարանցիկ թռիչքները։

Այս մասին ծանուցումը «Կոմերսանտ»-ը հայտնաբերել է Ավիանավիգացիոն տեղեկատվության կենտրոնի տեղեկագրում։

Սահմանափակումները գործում են Մոսկվայի միացյալ դիսպետչերական շրջանի սահմաններում, որի մեջ մտնում են Շերեմետևո, Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները։

«Կոմերսանտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սահմանափակումները սահմանվել են Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակիացման պատճառով։

«Ռոսավիացիան» հաստատել է փոփոխությունները՝ հավելելով, որ դրանք գործելու են հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 12-ը։ «Միջոցներն ընդունվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով», նշել են գերատեսչությունում։

«Կոմերսանտ»-ի որոշ աղբյուրներ չեն բացառել, որ այս սահմանափակումները կարող են պահպանվել մինչև պատերազմի ավարտը և տարածվել նաև այլ տարածաշրջանների վրա։

Թռիչքների առավելագույն բարձրության նվազեցումը թույլ կտա օդանավերին արագացված կարգով վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, սակայն կավելանան վառելիքի ծախսը և թռիչքի տևողությունը։

«Կոմերսանտ»-ի զրուցակիցները նաև կարծում են, որ թույլատրելի թռիչքային բարձրության նվազեցումը մեծացնում է թռչունների հետ բախման վտանգը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կանՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհերՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների