«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության հնարավոր վերանայման հարցին:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «հնարավո՞ր է վերանայվի Հայկ Կոնջորյանի առաջադրման հարցը, որովհետև ամեն դեպքում պատմության մեջ է նաև իր եղբայրը, իսկ ձեր էթիկայի կանոնագիրքը նաև հարազատների վարքի հարցով է սահմանում կանոններ», Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանեց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել և ոչինչ չեմ կարող բացառել»:
Օրերս հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»:
Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել, նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։ «Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր», - մասնավորապես ասել էր Հակոբյանի կինը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ, անդրադառնալով միջադեպի վերաբերյալ հարցին, արձագանքեց. «Մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք։ Ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ իրավական, քրեաիրավական, և մեր իրավապահ մարմինները պետք է պարզեն եղելությունը, և մեղավորները, եթե այդպիսիք կան... համապատասխան օրենքով, սահմանված կարգով ընթացք տրվի այդ ամեն ինչին: Եվ կուսակցական կարգապահության տեսանկյունից, մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են և գործում են և եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից, օրինակ, մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար ընտրվել են Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: