Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից։ Այդ անձանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանը։ Այդ տեղեկությունն ու ծեծի տեսանյութը նախօրեին տարածեց լրագրող Գայանե Զարգարյանը։ Նա նշում էր, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում, իր տան տարածքում ծեծվել է Ավետ Կոնջորյանը։
Ծեծի գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինը պատմում էր. «Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր, իմ աղջիկ երեխեն սարսափած իր սենյակից գալիս էր իմ մոտ՝ «մամա, էս ինչ ա»։ Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնու նախկին ընկերոջ՝ Ավետ Կոնջորյանի կատարմամբ։
Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից։ Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ ԱԺ Քպ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով.
«Բռնության ցանկացած դրսևորում՝ լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է՝ անկախ այն գործադրողի անձից: Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից՝ անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած»։
Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրն առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկոտ պատմության էպիկենտրոնում։ 2010-ին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Անցած տարի էլ զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարով ու երեք ամիս անց նորից հայտնվել մեքենայի ղեկին։
Մանրամասներն՝ այստեղ։