Ռոբերտ Քոչարյանն ու որդին կշարունակեն մնալ կալանքի տակ

Հայր և որդի Քոչարյանները կալանքի տակ կմնան ևս երկու ամիս: Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունները՝ համաձայնելով քննիչների հետ, որ ազատության մեջ նախկին նախագահն ու ավագ որդին կխոչընդոտեն գործի քննությանը:

Քոչարյանները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Փաստաբան Արամ Օրբելյանի պնդմամբ՝ քննիչների՝ 60 հոգանոց խմբի ներկայացրած ապացույցները չեն հաստատում պաշտոնաթող նախագահի մեղքը։

«Եթե իրավաբանությունը մի քիչ սիրում են, պետք է այս գործը կարճեն՝ անկախ քաղաքական ճնշումներից: Եթե այս տեմպով շարունակվեց, պետք է մեղադրանքից հրաժարվեն, գնանք տուն: Այն ծավալը, որը ներկայացվել է մեր ուսումնասիրության արդյունքով, ուղղակիորեն հերքում է այն վարկածները, որ ներկայացված են», - ասաց Օրբելյանը:

Նիստերը դռնփակ էին, և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քննիչների հիմնավորումներին, բայց, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Ռոբերտ Քոչարյանը նախագահության ընթացքում իր մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ օգտագործել է պաշտոնական դիրքը և նպաստել, որ որդին շուկայականից անհամեմատ ցածր գներով պետական գույքեր գնի:

Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City, Orange Fitness, «Պիացցա Գրանդե», Toyota ընկերությունները, «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Կասկադի» ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը և այլ ընկերություններ։ Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել։

«Ընդհանրական ձևակերպումներ կան, որտեղ պարզ չէ՝ նախագահի գործողությունների որ մասն է, այնքանը, ինչքանը պարզ է, վերաբերում է նախագահի կողմից որոշակի որոշումներ վավերացնելուն: Վավերացնելու հետ կապված էլ մենք բազմաթիվ անգամ արձանագրել ենք, որ նախագահը չուներ լիազորություն չվավերացնել կառավարության կողմից սահմանված որոշումները», - նշեց փաստաբանը:

Այս գործով մեղադրյալ է նաև նախկին վարչապետ, հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, որի կառավարության որոշումներն էլ վավերացրել է 2000-ականներին Հայաստանը նախագահած Քոչարյանը: Փաստաբանի խոսքով, դատարանում Քոչարյանն ընդգծել է՝ այդ ժամանակ կառավարության որոշումները վավերացնելը նախագահի պարտավորությունն էր, ինքը չվավերացնելու տարբերակ չուներ:

72-ամյա Քոչարյանը, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսներից է, քաղաքական հետապնդում է համարում իր հետ տեղի ունեցածը, վարչապետը հակադարձում է՝ ընտանիքով պետք է պատասխան տան ապօրինի հարստանալու համար:

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի որդին ապօրինի սխեմայով ձեռք է բերել խոշոր անշարժ գույքեր: Օրինակ՝ Orange Fitness-ի տարածքը. Թենիսի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքն ու 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել ավելի քան 12 միլիոն դրամով, իսկ 2009-ին ընկերության 50 տոկոս բաժնեմասը ձևական գործարքով փոխանցվել է Քոչարյանի որդու հիմնադրած ընկերությանը։

Play City-ի դեպքում Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը գնվել է 44 միլիոն դրամով, որից հետո՝ 2004-ին, «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Մնացած գույքերի դեպքում ևս նույն սխեման է գործել, էժան գնվել է ու օտարվել Քոչարյաններին:

«Կորպորատիվ իրավահարաբերություններին նայել Քրեական օրենսգրքի աչքերով, ինչքան էլ ուզես, չի ստացվի: Դա կորպորատիվ հարաբերություններ են, կնքված գործարքներ են, և գործարքների միջև կան ահռելի ժամանակային խզումներ», - ընդգծեց Սեդրակ Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Փաստաբանները պնդում են, թե Հակակոռուպցիոնի վկայակոչած գույքերը 2000-ականներին օտարվել են այդ ժամանակվա շուկայական գներով: Հանցավոր սխեմայի մասին խոսող իրավապահները, սակայն, այժմ ուսումնասիրում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019 թվականների ընթացքում կատարված՝ շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն եվրոյի և 18 միլիոն ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև գործով անցնող մեղադրյալների ու նրանց ընտանիքներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Հայր և որդի Քոչարյաններից բացի այս գործով ևս չորս մեղադրյալ կա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սեդրակ Քոչարյանը կմնա կալանքի տակ70 հատոր, 60 քննիչ Ռոբերտ Քոչարյանի գործում. ինչպե՞ս է նախագահի ընտանիքը ձեռք բերել տասնյակ գույքերՌոբերտ Քոչարյանին և որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել