«ՌԴ նախագահի նստավայրի վրա Կիևի հարձակմանն ի պատասխան՝ ռուս զինծառայողներն ուկրաինական կարևորագույն թիրախներին զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Օրեշնիկ» հրթիռային համակարգով», -այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Վալդայում Պուտինի նստավայրի վրա դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով «գրոհի փորձի» մասին առաջինը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնուհետև Կրեմլը «գրոհի փորձը» որակել էր «բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ահաբեկչական գործողություն» և սպառնացել Ռուսաստանի «բանակցային դիրքորոշման կոշտացմամբ»: Ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց պնդումների ապացույցներ չէին ներկայացրել:
Դեկտեմբերի 31-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ իբր կեցավայրի վրա «խոցված անօդաչուի» կադրեր ցուցադրեցին, ինչպես նաև տեսանյութ, որում մոտակա ավանի մի բնակիչ պատմում էր իբր դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչուների թռիչքի ձայն լսելու մասին:
Պաշտոնական Կիևը, սակայն, հերքել է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները: Կիևը հայտարարել է, թե Մոսկվան դեռևս որևէ շոշափելի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու իր պնդումը, թե ուկրաինական անօդաչուները հարձակում են իրականացրել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայի նստավայրի վրա։
Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է, թե այս կեղծ մեղադրանքներով Մոսկվան փորձում է խափանել խաղաղության շուրջ բանակցությունները։ Կրեմլն իր հերթին հայտարարել է, թե չի կարող ապացույցներ ներկայացնել, քանի որ «անօդաչու բոլորը սարքերը խոցվել են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է, որ չի հավատում Պուտինի կեցավայրին ուղղված հարվածի մասին հաղորդմանըՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ օրերս հայտարարեց, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին ուղղված հարվածի մասին տեղեկատվությանը:
«Չեմ հավատում, թե այդ հարվածը եղել է», - ասել է Թրամփը Air Force One նախագահական օդանավում լրագրողի հարցին ի պատասխան:
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում
Գիշերը Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա՝ հրդեհելով բազմաբնակարան շենքեր, զոհվել է առնվազն չորս մարդ, կան վիրավորներ, այս մասին այսօր առավոտյան հայտնել է Կիևի քաղաքապետը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռը հարվածել է «ենթակառուցվածքային օբյեկտներին»: Հաղորդվում է, որ հրթիռը թռչել է ժամում մոտ 13,000 կիլոմետր (8,000 մղոն) արագությամբ։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինվորականները պետք է պարզեն, թե արդյոք Լեհաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հարվածի ժամանակ օգտագործվել է «Օրեշնիկ» հրթիռ:
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կրիվոյ Ռոգում
Հունվարի 8-ի երեկոյան Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ շրջանը «Իսկանդեր» տեսակի երկու բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել, սոցիալական ցանցերում գրել է տեղական պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նույնպես հայտնել են Կրիվոյ Ռոգի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին։ Լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների մասին:
Վիլկուլի խոսքով՝ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման հետևանքով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և ութ կին։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Կրիվոյ Ռոգում վնասվել է 29 բազմահարկ շենք, մինչև 10 բիզնես և տրանսպորտային միջոց։ Բնակելի շենքերից բացի, վնասվել են նաև ենթակառուցվածքները։
Քաղաքում վիրավորների տարհանման տեսանյութերը հայտնվել են համացանցում։