Հրադադար հայտարարած Ռուսաստանը շարունակել է հարվածները Ուկրաինային. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մայիսի 8-10-ը իր իսկ կողմից միակողմանիորեն հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին։

Նրա խոսքով՝ մայիսի 8-ի ժամը 07:00-ի դրությամբ արձանագրվել է ռազմաճակատում դիրքերի ավելի քան 140 գնդակոծություն, գիշերվա ընթացքում ռուսական բանակն իրականացրել է 10 գրոհային գործողություն, որոնց մեծ մասը՝ Սլավյանսկի ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 850 հարված՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 67 հարվածային անօդաչու սարք։

«Այս ամենը հստակ վկայում է այն մասին, որ Ռուսաստանի կողմից նույնիսկ ռազմաճակատում կրակը դադարեցնելու իմիտացիոն փորձ չի եղել։ Ինչպես նախորդ օրվա արդյունքներով, այնպես էլ այսօրվա արդյունքներով Ուկրաինան գործելու է հայելային ձևով։ Մենք պաշտպանելու ենք մեր դիրքերն ու մարդկանց կյանքերը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը, և բոլորը դա իրականում կնկատեն, երբ սկսվի խաղաղության ուղղությամբ շարժը»,- գրել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվել

Ավելի վաղ Ռուսաստանը միակողմանիորեն հայտարարել էր մայիսի 8-9-ը հրադադարի մասին՝ սպառնալով Ուկրաինային, որ շքերթը խափանելու դեպքում զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, իսկ հրադադարի խախտման դեպքում կտրվի «համարժեք պատասխան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը մայիսի 8-ին և 9-ին հրադադար կհայտարարի

Զելենսկին առաջարկել էր լռության ռեժիմ սահմանել մայիսի 6-ից, սակայն Ռուսաստանը, նրա խոսքով, անմիջապես խախտել էր այն, այդ թվում՝ հարվածներ հասցնելով Ուկրաինայի քաղաքներին։

Մայիսի 8-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են զանգվածային հարձակման։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Նախնական տվյալներով՝ Յարոսլավլում հարձակման է ենթարկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը, բռնակցված Ղրիմում՝ «Կրասնոպերեկոպսկ» էլեկտրական ենթակայանը, Պերմում՝ «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» ձեռնարկությունը, Ռոստովում՝ «Էմպիլս» քիմիական գործարանը, «Ռադար» գիտատեխնիկական կենտրոնի մասնաճյուղը և աէրոնավիգացիոն շենքը, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ մարտական գործողությունների գոտում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1365 խախտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի․ «Հրադադարի ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի»Ռուսաստանը մայիսի 8-ին և 9-ին հրադադար կհայտարարիԿիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելԱնվտանգության ուժեղացված ռեժիմ Ռուսաստանում՝ Հաղթանակի օրվան ընդառաջ