Մատչելիության հղումներ

Կիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվել

Ռուսական հարվածների հետևանքները՝ Ուկրաինայում, մայիսի 5,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Ուկրաինայում, մայիսի 5,2026թ.

Ուկրաինայի արևելքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից ժամեր առաջ, երբ ուժի մեջ պետք է մտներ Ուկրաինայի կողմից միակողմանիորեն առաջարկված անժամկետ հրադադարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ:

Ի պատասխան՝ Ուկրաինան հայտարարեց մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից անժամկետ հրադադար հաստատելու առաջարկի մասին՝ կոչ անելով Ռուսաստանին փոխադարձաբար արձագանքել դրան: Մոսկվայից չէին արձագանքել այս առաջարկին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հնարավոր չէ մեկ օրով դադարեցնել կրակը, երբ մինչ այդ ուժգին հարվածներ է հասցվել Ուկրաինային։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան X-ում գրել է․ «Ուկրաինայի կողմից հրադադարի առաջարկի ուժի մեջ մտնելուն մնացել են ընդամենը ժամեր, սակայն Ռուսաստանը որևէ նշան ցույց չի տալիս, որ պատրաստվում է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ընդհակառակը՝ Մոսկվան ուժեղացնում է ահաբեկչական գործողությունները»։

Սիբիգան մեղադրել է Ռուսաստանին չորեքշաբթի կեսգիշերին Ուկրաինայի կողմից նախաձեռնված հրադադարի խախտման համար։

«Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը մերժում է խաղաղությունը, և մայիսի 9-ին հրադադարի նրա կեղծ կոչերը որևէ կապ չունեն դիվանագիտության հետ», - ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

Հրադադարի մեկնարկից րոպեներ անց Ռուսաստանի կողմից 2014-ին բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը տելեգրամյան գրառմամբ հայտնեց, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ջանկոյ քաղաքում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ։

Հավանական է, որ հարձակումն իրականացվել է նախքան հրադադարի մեկնարկը, չկա որևէ ապացույց, որ Ուկրաինան հարված է հասցրել իր իսկ կողմից հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո,- գրում է Reuters-ը:

Ռուսական հարվածներից հետո նախագահ Զելենսկին՝ սոցցանցում գրել է․ «Սրանք բոլորովին ցինիկ և անիմաստ ահաբեկչական հարձակումներ են՝ ռազմական տրամաբանությունից զուրկ»։

Զելենսկին հավելել է, որ ուկրաինական քաղաքներին և գյուղերին հասցվող հարվածները «նույնիսկ մեկ օրով չեն դադարում»:

XS
SM
MD
LG