Իրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են

Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող Քեշմ կղզի, արխիվ

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների։ Ըստ Վաշինգտոնի՝ դրանք կա՛մ չեն հաջողել, կա՛մ հետ են մղվել, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ Քուվեյթի ուղղությամբ արձակված երկու հրթիռները չեն հասել նպատակակետին կամ մասնատվել են թռիչքի ընթացքում։ Տարածաշրջանային թիրախների դեմ արձակված մի քանի բալիստիկ հրթիռներ հաջողության չեն հասել։ Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռները վնասազերծվել են։

Հրապարակման համաձայն՝ ամերիկյան ուժերը խոցել են նաև տարածաշրջանային ջրերում քաղաքացիական նավեր թիրախավորող իրանական ԱԹՍ-երին։ Թիրախավորվել է նաև Հորմուզի նեղուցին կից Քեշմ կղզին։

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռների և անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հարձակվել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի, ինչպես նաև տարածաշրջանային չհստակեցվող մեկ այլ երկրում գտնվող ավիաբազայի և ուղղաթիռների վրա։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողություններն իրականացվել են ի պատասխան Քեշմ կղզուց հարավ գտնվող կապի աշտարակի վրա ամերիկյան հարձակմանը։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը փետրվարի 28-ին էր մեկնարկել։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրդադարի ռեժիմում են և բանակցում են շրջանակային փաստաթղթի շուրջ։

Իրանը դեռ չի պատասխանել հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկին, վերջնական տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են, նախօրեին իրանական կիսապաշտոնական Mehr News-ին հայտնել էր Իրանի բանակցային թիմին մոտ աղբյուրը։

Ավելի վաղ իրանական աղբյուրները տեղեկություններ էին տարածել, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ հաղորդակցությունը, սակայն, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, բանակցությունները շարունակվում են, գործարքը կարող է կնքվել հաջորդ շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հակադարձում է Թեհրանի պնդմանը, թե ԱՄՆ-Իրան բանակցությունները դադարել ենԻրանն ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ չի բանակցում. ԲաղայիՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԻրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի. Արաղչի