Մատչելիության հղումներ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը

Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում, հունիսի 1,2026թ.
Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում, հունիսի 1,2026թ.

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի բանակցային թիմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը միջնորդների միջոցով, հաղորդում է իրանական կիսապաշտոնական Tasnim-ը:

Ըստ գործակալության՝ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողությունները չեն դադարեցվել։ Գործակալության փոխանցմամբ՝ դիմադրության ճակատը և Իրանը նոր օրակարգ են սահմանել՝ ամբողջությամբ շրջափակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբ նեղուցում՝ մեկ այլ կարևոր ջրուղի, որտեղ միմյանց են միանում Ադենի ծոցն ու Կարմիր ծովը։ Պաշտոնական Թեհրանը դեռ չի հաստատել սա:

Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի շուրջ պայմանավորվածությունը միանշանակ վերաբերում է «բոլոր ճակատներին, այդ թվում՝ Լիբանանին»։ Նրա խոսքով՝ մեկ ճակատում հրադադարի խախտումը համարվում է խախտում բոլոր ճակատներում։ «ԱՄՆ-ն և Իսրայելն են պատասխանատու ցանկացած խախտման հետևանքների համար»,- սոցցանցում գրել էր Աբբաս Արաղչին:

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու համար, մինչ այդ էլ ասել էր, որ «Իրանը չի վստահում թշնամու խոստումներին»:

«Մինչև մենք չհամոզվենք, որ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, մենք չենք հաստատի որևէ համաձայնագիր»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Վերջին 1 օրում տասնյակից ավելի զոհ՝ Լիբանանում

ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին լուրը հնչում է այն բանից հետո, երբ Իսրայելը վերջին օրերին սաստկացրել է ռազմական գործողությունները «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում: Վերջին մեկ օրում մեկ տասնյակից ավելի զոհ կա, 30-ից ավելի վիրավոր: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը հրթիռային պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի բանակին, ինչի հետևանքով իսրայելցի մեկ զինվոր է սպանվել: Հերթական գործողությունից առաջ իսրայելական բանակը Լիբանանի մի քանի բնակավայրերի բնակիչներին հորդորել է լքել իրենց տները:

Իսրայելի վարչապետն էլ զինվորականներին հրամայել է հարվածել մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ, ըստ նրա, գտնվում է «Հեզբոլա»-ի շտաբը:

«Չի լինի այնպիսի իրավիճակ, երբ «Հեզբոլա»-ն հարձակվի մեր քաղաքների և մեր քաղաքացիների վրա, և նրա ահաբեկչական շտաբը Բեյրութում՝ Դահիյեում, մնա անհասանելի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռադարներին, Իրանն էլ՝ ամերիկյան ռազմաբազային


Al Jazeera-ն հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Լիբանանի և Իսրայելի ղեկավարությանը նոր առաջարկ է ներկայացրել էսկալացիան մեղմելու համար: Ըստ այդմ՝ «Հեզբոլա»-ն պետք է դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները, Իսրայելն էլ զերծ կմնա մայրաքաղաքում իրադրության հետագա սրացումից։

Մինչ այդ ԱՄՆ-ն ապրիլից անժամկետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երրորդ անգամ հարվածել էր իրանական ռադարների և անօդաչուների արձակման կայանների, ինչին ի պատասխան Իրանն էլ թիրախավորել էր ԱՄՆ դաշնակից Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազան։ Կողմերը զոհերի կամ վիրավորների մասին չեն հաղորդում:

Այս զարգացումների ֆոնին հակասական հայտարարություններ էին հնչում Վաշինգտոնից ու Թեհրանից խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ: Իրանին ամերիկյան հարվածներից հետո Դոնալդ Թրամփը դարձյալ վստահեցրել է, թե հրադադարի իր առաջարկած համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ փաստաթղթում շատ հստակ նշվում է դրա մասին: Մինչ այդ էլ նա թեմային անդրադարձել էր Fox News-ին տված հարցազրույցում:

«Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ Իրանը երբևէ միջուկային զենք չի ունենա, նրանք համաձայնել են դրան: Նրանք ի սկզբանե ասել էին, որ միջուկային զենք չեն մշակի: Ես էլ ասացի՝ իսկ եթե հանկարծ գնե՞ք: Հիմա փաստաթուղթը սահմանում է, որ նրանք չեն մշակի կամ որևէ կերպ չեն գնի միջուկային զենք»,- ասել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, հերքել էր, թե բանակցում են միջուկային ծրագրի շուրջ: Ըստ Էսմայիլ Բաղայիի՝ այս փուլում առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է: Բաղային նաև ԱՄՆ-ին մեղադրել էր հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ դա միայն խորացնում է անվստահությունը: Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով.- «Հրադադարի խախտումներն ինքնին վկայում են, որ ԱՄՆ-ն գործում է ոչ իրավաչափ և անբարեխիղճ, և դա պարզապես խորացնում է առկա անվստահությունը, որն իրավացիորեն պետք է միշտ նկատի ունենանք ամերիկյան կողմի հետ ցանկացած փոխազդեցության ժամանակ»:

Բաղային նաև ասել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG